Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր ձայն տան Պողոս Պողոսյանին ծեծելով սպանածներին՝ կպղծեն ՀՅԴ դրոշը, իրենց կուսակցական ընկերոջ արյունը. Փաշինյանը՝ դաշնակցականներին

Ովքեր ձայն տան Պողոս Պողոսյանին ծեծելով սպանածներին՝ կպղծեն ՀՅԴ դրոշը, իրենց կուսակցական ընկերոջ արյունը. Փաշինյանը՝ դաշնակցականներին
Քաղաքականություն
13:43, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Գորիսում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սև լճի հետ կապված իրադրությանը, նշեց. «Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, ընդ որում, մեր դիրքորոշումը պաշտպանում են նաև Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան. Ադրբեջանի զորքերը միանշանակ և աներկբա պետք է դուրս գան մեր երկրի սահմաններից: Այստեղ երկու կարծիք լինել չեն կարող»:

Այնուհետև ներկայացրեց իրենց պլանը. «Ռուս սահմանապահները պետք է տեղակայվեն սահմանի երկայնքով, որից հետո պետք է տեղի ունենա զինված ուժերի հայելային հետքաշում դեպի մշտական տեղակայման վայրեր, այնուհետև միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում»:

Խոսելով սահմանային անվտանգության մասին՝ Փաշինյանն ասաց. «Պետական սահմանային պահպանությունը էն հարյուր միլիոնավոր դոլարներն են, որ Սյունիքի մարզից ձեզ հայտնի պաշտոնյաների միջոցով հոսել են դեպի օվշորային գոտիներում գտնվող հաշվեհամարներ:

Էն մարդիկ, ովքեր ինչ-որ Լեռնահայաստանի մասին են խոսում, Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ օվշորային գոտում գտնվող հաշվեհամարները լիցքավորելու աղբյուր, այլ ատկատներ վերցնելու աղբյուր, այլ սեփական ՍՊԸ-ներով  ժողովրդին պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի հարստությունը պտտելու և սեփական գրպանները լցնելու աղբյուր: Եվ մենք դրանց աղբյուրները կտրելու ենք: Նրանց սպասում են Քրեական օրենսգիրքը և ՔԿՀ-ները»:

Խոսելով թավշե մանդատի մասին՝ Փաշինյանն ասաց. «Բոլոր մեխի գլուխներին սրանով հանելու ենք»:

Փաշինյանը, դիմելով դաշնակցականներին, ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ձայն կտան իրենց կուսակցական ընկերոջը՝ Պողոս Պողոսյանին, ծեծելով սպանածներին, կպղծեն իրենց դրոշը, իրենց կուսակցության անդամի անունը: