Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 մեծ բնակարան Երևանի փոքր կենտրոնում, 7․8 մլն դրամ, 2.500 եվրո․ «Պատիվ ունեմ»-ի Թագուհի Թովմասյանի «համեստ» կարողությունը

3 մեծ բնակարան Երևանի փոքր կենտրոնում, 7․8 մլն դրամ, 2.500 եվրո․ «Պատիվ ունեմ»-ի Թագուհի Թովմասյանի «համեստ» կարողությունը
Քաղաքականություն
15:38, 15 июнь 2021
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Վանեցյան-ՀՀԿ «Պատիվ ունեմ» դաշինքի երկրորդ կին թեկնածուն «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանն է։ 

Չնայած Թովմասյանը հիմնականում որպես լրագրող է աշխատել, պատկառելի ունեցվածք ունի՝ ըստ հայտարարագրի։ Ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը լրագրողի աշխատանքը սկսել է 2003-2004 թվականներին՝ «Իրավունք» թերթում աշխատելով՝ որպես կամավոր, այնուհետև քաղաքական բաժնի լրագրող։ 2011-ին հիմնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Այնուհետև՝ նաև ArmLur.am առցանց կայքը։ 

2018 թվականին «Իմ քայլը» խմբակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր։

Չնայած Թովմասյանի համեստ կենսագրությանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նա այդքան էլ համեստ կարողություն չունի։

Թովմասյանը հայտարարագրել է 3 մեծ բնակարան Երեւանի փոքր կենտրոնում 76.6, 130 եւ 112.4 քմ տարածքով, 1 հողամաս էլ Գեղարքունիքի մարզում՝ 0.1510 հա տարածքով։ Նա որպես եկամուտ է հայտարարագրել ԱԺ-ից՝ 6,5 մլն դրամ, «Ժողովուրդ» օրաթերթից՝ 2,3 մլն դրամ եւ «Յունիբանկ» ԲԲԸ-ից՝ 295.920 դրամ։

Թեկնածուի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 7․8 մլն դրամ և 2.500 եվրո։