Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ԶԼՄ-ներով Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկելով՝ Քոչարյանն ակնկալում է Կրեմլի աջակցությունը․ ուզում է ցույց տալ, որ դեռ ամեն ինչ կորած չէ

Ռուսական ԶԼՄ-ներով Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկելով՝ Քոչարյանն ակնկալում է Կրեմլի աջակցությունը․ ուզում է ցույց տալ, որ դեռ ամեն ինչ կորած չէ
Քաղաքականություն
17:29, 15 июнь 2021
«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցների և հենց նրանց հայտարարել, որ ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան և բարձր պաշտոն զբաղեցնել։ «Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայն դեպս, իմ կողմից առաջարկություն կլինի», - ասել է Քոչարյանը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը, մեկնաբանելով Քոչարյանի հայտարարությունը, ասաց․ «Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է, իրեն հավանաբար ժամանակին վերագրվել է Հայաստանի գուբերնատորի ֆունկցիաներ, եւ Ռոբերտ Քոչարյանը հիմա փաստացի նախապատրաստում է այդ գուբերնատորության այլ տարբերակ, քանի որ ինքը չի թաքցնում, որ պատրաստվում է ավելի խորը ինտեգրել Հայաստանը Ռուսաստանին, իսկ այսօրվա ձեւաչափերից ավելի խորը ինտեգրումը դա ուղղակի Ռուսաստանին միանալն է»։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը 2018 թվականին հեղափոխության ընթացքում հույս ուներ, թե Սերժ Սարգսյանին կփոխարինի իր դրածոյով, բայց դա չստացվեց։ «Հայ ժողովուրդը մերժեց Կարապետյանին՝ հիմա Կրեմլը օգտագործելով Հայաստանի պարտությունը պատերազմում, որը իրենք հենց կազմակերպեցին, փորձում են այդ օպերացիայի երկրորդ փուլը կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին»։

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանին պաշտոն խոստանալով՝ Քոչարյանը Կրեմլից օգնության ակնկալիք ունի, Խուրշուդյանը ասաց․ «Վստահաբար այդ ակնկալիքը կա, եւ Ռոբերտ Քոչարյանը ուզում է ցույց տալ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետեւ բոլոր տպավորությունները կան, անկողմնակալ հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նա տապալվելու է, եւ հայ ժողովուրդը իրեն ևս ուղարկելու է Սերժ Սարգսյանի հետեւից, այսինքն՝ մերժվելու է, բայց որպեսզի այդ տպավորությունը մեղմի իր պատվիրատուների մոտ՝ Կրեմլում, ինքը հիմա նման նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ ցույց տալու, թե իբր շանս կա, որ Հայաստանում տեղի ունենա այնպիսի իշխանափոխություն, որի արդյունքում Ռուսաստանի դրածոները կտիրանան Հայաստանին, բայց ես կարծում եմ, որ սա հերթական բլեֆն է, եւ եթե Կարեն Կարապետյանը նույնիսկ գա Հայաստան՝ ինքը կգա Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր կուսակցության որևէ գրասենյակի տնօրենի կարգավիճակում»։

Գեղամ Ադյան