Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբանների պալատը՝ քաղաքական մարմին. ՓՊ նախագահը պետք է վայր դներ լիազորությունները նոր զբաղվեր «հայրենիքի փրկությամբ»․ 1in.am

Փաստաբանների պալատը՝ քաղաքական մարմին. ՓՊ նախագահը պետք է վայր դներ լիազորությունները նոր զբաղվեր «հայրենիքի փրկությամբ»․ 1in.am
Քաղաքականություն
18:49, 15 июнь 2021
Թեև ՀՀ փաստաբանների պալատը համարվում է անկախ մարմին, սակայն Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը «Զարթոնք» կուսակցությունով մասնակցում է առաջիկա խորհրդարանական ընտրությւններին, առավոտից երեկո խիստ ազգայնական հայացքներով աչքի ընկնող որոշ անձանց հետ փողոցներում քարոզարշավ է իրականացնում։ Այդ կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են 30-ից ավել թեկնածուներ ևս փաստաբաններ են։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն անընդունելի և անթույլատրելի է համարում, երբ ՓՊ նախագահը զբաղվում է քաղաքականությամբ՝ առանց լիազորությունները վայր դնելու. «Փաստաբանական պալատը ցավոք սրտի այժմ ընկալվում է որպես քաղաքական մարմին, որը անթույլատրելի է։ Իհարկե, օրենսդրական կարգավորումներում այս հարցը բաց է։ Մասնավորապես փաստաբանների պալատի նախագահի, խորհրդի անդամների մասով որևէ արգելք չկա, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ այս բացը լրացնել, շտկել և նմանատիպ երևույթները կանխել։ Եթե օրինակ Փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամները ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա դա նրանց իրավունքն է, բայց էթիկապես ճիշտ կլինի, որ նրանք անմիջապես հրաժարական ներկայացնեն ու դրանից հետո նոր զբաղվեն քաղաքական գործունեությամբ»,-ասաց Գյոզալյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երբ ինքը քաղաքական հոլովակներ է դիտել, նկատել է, որ դրանք նկարահանված են փաստաբանների պալատի դահլիճում, որը ևս անթույլատրելի է ու դա ակնհայտորեն հանրության մոտ վերաբերմունք է ձևավորում, որ փաստաբանների պալատը ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, այնինչ փաստաբանական համայնքւոմ կան ինչպես փաստաբաններ, ովքեր մոլի ընդդիմադիր են, կան իշխանամետ ու չկողմնորոշված փաստաբաններ.«Այսինքն շատ բազմազան շերտավորում է այս համայնքում և ամեն դեպքում փաստաբանների պալատի ղեկավարության, առաջնորդի գերխնդիրը պետք է լիներ փաստաբանների պալատը ամեն տեսակի պրոցեսներից զերծ պահելը։ Փաստաբանների պալատը պետք է լինի իրավապաշտպան գործունեություն ծավալող կառույց։ Եվ ովքեր, որ հայրենիք, հայրենասիրության քարոզ են ուզում իրականացնել, ապա թող բարի լինեն վայր դնել իրենց լիազորությունները, հետո նոր գնան ու զբաղվեն հայրենիքի փրկության հարցերով և փաստաբանների պալատը չներքաշեն նմանատիպ երևույթների մեջ»,-ընդգծեց Գյոզալյանը։

Ավելի վաղ Գևորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ քննարկում են Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որեսզի հնարավորություն ստանան այլընտրանքային փաստաբանների պալատ ստեղծել։ Այսօր հետաքրքրվեցինք՝ արդյոք պատեհ ժամանակ չէ՞ այդ հարցով զբաղվելու, որովհետև շատ փաստաբաններ այլևս չեն ցանկանում որևէ կերպ կապ ունենալ գործող պալատի հետ, բայց չեն կարող դուրս գալ, քանի որ առանց դրա չեն կարող գործունեություն ծավալել։ Գյոզալյանն ասաց, որ այս հարցն իր օրակարգում է, բայց այդ քայլին դեռևս չի դիմում, որպեսզի այնպես չստացվի, որ իր օրակարգը համընկնի գործող իշխանության օրակարգի հետ.«Գործող իխանությունները ակնհայտորեն չարացած լինելով այս ՓՊ գործող ղեկավարության դեմ, փորձեն իմ այս արդար օրակարգը օգտագործել քաղաքական նպատակներով և փորձեն հարցը լուծել այնպես, ինչպես կկամենան։ Զուտ այս պատճառով է, որ ես հապաղում եմ գնալ Սահմանադրական դատարան։ Ես սպասում եմ ավելի հանդարտ, խաղաղ ժամանակների, որովհետև ես խնդիր ունեմ փաստաբանական առողջ մասսային բացատրելու, որ սրան այլընտրանք չկա, որովհետև միահեծան փաստաբանական պալատը, ցավոք սրտի, անհիշելի ժամանակներից ճգնաժամեր է առաջացնում։ Ես, օրինակ, այս փաստաբանների պալատին չեմ ճանաչում, այն խորթ է ինձ համար։ Սա այն չէ, որը պետք է լիներ։ Գործող կառույցի անձնակազմն անբարյացկամ է, այստեղ խնդիրներ կան, այստեղ կա փաստաբանական դպրոց, որը փակ մի համակարգ է, որը նպաստում է գործող ղեկավարության վերարտադրությանը»,-ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ տարբերակը այլընտրանքային փաստաբանական պալատ ունենալն է, որտեղ կհավաքվեն մարդիկ, ովքեր իրապես ուզում են զարգացնել փաստաբանությունը և զբաղվել բացառապես մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Գյոզալյանի խոսքով՝ այլընտրանքային փաստաբանների պալատը կխթանի մրցակցություն և ներկա լճացած վիճակը կվերանա.«Շատ կարևոր է այս մեսիջը հասցնել բոլոր փաստաբաններին, որպեսզի սա չդառնա քաղաքական օրակարգ։ Դրանով է պայմանավորված, որ ես այդ քայլին չեմ դիմում, բայց եթե այսպես շարունակվի, ապա բացառված չէ, որ ես արդեն քայլեր կձեռնարկեմ այդ ուղղությամբ»,-եզրափակեց Գյոզալյանը։

Աղբյուր՝ 1in.am