Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն իր երկրում քննադատության թիրախում է

Էրդողանն իր երկրում քննադատության թիրախում է
Քաղաքականություն
21:06, 16 июнь 2021
Նախագահ Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ընդունման թեմային չանդրադառնալուց բացի նախագահ Էրդողանին քննադատում են նաև ԱՄՆ նախագահին բարևելու ձևի համար, գրում է Ermenihaber-ը:

Թուրքիայի ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության հիմնադիր, երկրի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն կոշտ է արձագանքել Էրդողանի հայտարարությանը, թե «Փառք Աստծո, այդ հարցն ընդհանրապես օրակարգում չի հայտնվել»:

«Այսինքն՝ կարծես մենք մեղավոր ենք, ու, փառք Աստծո, ճեղքել ենք, գործը փրկել ենք»,- վրդովվել է քաղաքական գործիչը:

Ինջեն Էրդողանին խորհուրդ է տվել դիմել բժշկի: «Եթե ​​ասում ես՝ «Փառք Աստծո, որ ապրիլի 24-ի իրադարձություններն օրակարգ չեկան», կարծում եմ՝ դա քաղաքականության գործ չէ, դա բժշկության գործ է, դիմեք բժշկի»:

Քննադատության է արժանացել նաև միջազգային մամուլում շատ արագ տարածված Էրդողան-Բայդեն ողջույնի լուսանկարը, որտեղ Թուրքիայի նախագահը  խոնարհվում է Բայդենի առաջ։

Թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը փորձել է արդարացնել իրավիճակը՝ բացատրելով, որ «Հանդիպման ժամանակ Բայդենը մոտեցել է Էրդողանին և քովիդի կանոններին համապատասխան՝ բռունցքը մեկնել բարևելու համար։ Իսկ Էրդողանը անսպասելիությունից չի հասցրել ոտքի ելնել և նստած տեղից է մեկնել բռունցքը։ Մինչդեռ արևմտյան մամուլը այնպես է օգտագործում Էրդողանի՝ իբր Բայդենի առաջ «խոնարհված» լուսանկարը, կարծես դրանով ցանկանում են Էրդողանին ցավ պատճառել»,- վրդովված գրել է թուրք լրագրողը։

Ժամանակին թուրք ազգայնական-պահպանողական քաղաքական գործիչները քննադատել էին Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենք Էջևիթի ու ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի զրույցի լուսանկարը, որում Քլինթոնն ամբողջ ժամանակ հենված էր բազմոցին: Այդ ժամանակ էլ իշխանամետ ուժերը պատճառաբանել էին, թե ԱՄՆ նախագահն այդ դիրքն էր ընդունել չափազանց բարձրահասակ չերևալու համար: