Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյան․ «Տեր-Պետրոսյանի ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից»

Ռոբերտ Քոչարյան․ «Տեր-Պետրոսյանի ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից»
Քաղաքականություն
16:44, 17 июнь 2021
Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Այս մասին Մարտունիում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 1995-ի վերջին և 1996-ի սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Հեյդար Ալիևի խորհրդական (արտաքին քաղաքականության հարցերով, խմբ․) Վաֆա Գուլուզադեի միջև բանակցություններ են սկսվել, որին Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել։ 

«Այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ որոշում ստացանք ԵԱՀԿ-ից, որը Հայաստանը չստորագրեց և վետո դրեց։ Հետագայում Լիպարիտյանն ինքը ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին, իսկ Լիսաբոնի գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին, ուստի Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալու իր հետ կապելը, ըստ Քոչարյանի՝ առնվազն անբարեխիղճ է։

«Ինքը ասում է (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին, խմբ․), ինքը փորձում է ինձ հետ կապել, բայց իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Այդ տեսանկյունից նրանք նման են, մի բան անեն, մյուսի վրա գցեն։ Այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է»,- եզրափակեց երկրորդ նախագահը։