Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ում դեկանը ուսանողներին ուղղորդում է մասնակցել Քոչարյանի հանրահավաքին․ Լուսանկար

ԵՊՀ-ում դեկանը  ուսանողներին ուղղորդում է մասնակցել Քոչարյանի հանրահավաքին․ Լուսանկար
Քաղաքականություն
16:37, 18 июнь 2021
Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից Civic.am-ը այսօր ահազանգ ստացավ, որ ֆակուլտետի ղեկավարությունը, եւ անձամբ դեկանը՝ Մարատ Գրիգորյանը․ ուղղորդելով ուսանողներին՝ կոչ է անում մասնակցել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»  դաշինքի հրավիրած հանրահավաքին։ 

Ուսանողների անվտանգությունից ելնելով Civic.am-ը չի հրապարակում  նամակագրության սքրինշոթերը, որոնցից պարզ է դառնում, որ  Գրիգորյանը փոխդեկանին՝ Սարգիս Քելյանին, խնդրել է բոլոր կուրսերի ուսանողներին անպայման փոխանցել, որ ֆակուլտետի ղեկավարությունը ներկա է լինելու կայանալիք հանրահավաքին եւ ուսանողները կարող են միանալ դրան։ 

Ի դեպ, կուրսերից մեկի ֆեյսբուքյան նամակագրությունից պարզ է դառնում, որ ուսանողները արձագանքելով հանրահավաքին մասնակցելու առաջարկին՝ մերժում են այն, շեշտելով, որ դա Քոչարյանն է կազմակերպել;

Civic.am-ը կապ հաստատեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հետ, ով չպարզաբանելով եւ չհերքելով մեր տեղեկությունը, ասաց․ «Ես աշխատանքի վայրում եմ, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել, աշխատանքից դուրս կարող եմ ասել»։ Պատասխանելով հարցին՝ այնուամենայնիվ նման նամակ-հորդոր եղե՞լ է․ Գրիգորյանն ասաց․ «Ուսանողների հետ մենք այդ թեմայով չենք խոսել, ուսանողները իրենք կարող են որոշել մասնակցել, թե ոչ»։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նույնպես չհերքեց ուսանողներին Քոչարյանի նախընտրական հանրահավաքին ուղղորդելու մասին մեր ունեցած տեղեկությունը եւ ասաց․ «Ես նման տեղեկություն չունեմ եւ ոչ մի հանրահավաքի չեմ մասնակցելու»։

Եվ չնայած Մայր բուհի կանոնդրությամբ՝ ԵՊՀ-ն ապաքաղաքական կառույց է եւ համալսարանը չքաղաքականացնելու երաշխավորը, ըստ էության, ԿԳՄՍ-ն է՝  նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողները չափահաս մարդիկ են, իրենք կարող են գնալ կամ չգնալ հանրահավաքի։