Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ հեռու մնալ բռնության ցանկացած կոչից, առավել ևս դրանց կիրառումից, եւ չտրվել որևէ սադրանքների․ Ժիրայր Սէֆիլեան

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ հեռու մնալ բռնության ցանկացած կոչից, առավել ևս դրանց կիրառումից, եւ չտրվել որևէ սադրանքների․ Ժիրայր Սէֆիլեան
Քաղաքականություն
08:38, 20 июнь 2021
Ժիրայր Սէֆիլեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ.

Վերջին օրերին տարբեր արժանահավատ աղբյուրներից մտահոգիչ լուրեր են ստացվում Հայաստանում հետընտրական քաղաքացիական հնարավոր բախումների կամ սադրանքների մասին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը բազմիցս հայտարարել է, որ  արտահերթ ընտրությունների արդյունավետության և ներքաղաքական համերաշխության վերականգնման նախապայմանը կայունության մթնոլորտի վերականգնումն է:

Արտաքին ռազմական ոտնձգության ենթարկված մեր հայրենիքում արտահերթ ընտրությունների անցկացումը դեռ երաշխիք չէ ներքաղաքական համերաշխությունը վերականգնելու համար։ Ընդհակառակն՝ այն պարունակում է սրացման և լարվածության մեծացման պոտենցիալ և դրանով հանդիսանում է սպառնալիք՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար: 

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ դրսևորել առավելագույն զսպվածություն, հեռու մնալ տարատեսակ սադրանքներից, բռնության ցանկացած կոչից, առավել ևս դրանց կիրառումից, լինել հանդուրժողական՝ քաղաքական այլակարծության նկատմամբ  եւ  չտրվել որևէ սադրանքների։

Մեր երկրի ինքնիշխանության մնացորդները ոչնչացնել և ներքաղաքական քաոս ստեղծել ցանկացող՝ օտար ուժեր ներգրավելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելով շահագրգռված գաղութային մետրոպոլիան ջղաձիգ փորձեր է անում՝ պայմաններ ստեղծելու սեփական արտաքին միջամտության համար։ 

Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին՝ մասնավորապես այսօր, վտանգավոր և կեղծ ապատեղեկատվության լայնածավալ հոսքեր են իրականացվում՝ ամենայն հավանականությամբ գործի է դրվում լավ ծրագրված ինչ-որ սցենար՝ չարագուշակ ինչ-որ զարգացումներ ապահովելու նպատակով: 

Հիմքեր ունենք ենթադրելու, որ երկրում քաոսի համար պարարտ հող է նախապատրաստվում: Ենթադրում ենք, որ հող է նախապատրաստվում նաև քաղաքական բռնաճնշումների ալիք ապահովելու համար:

Ակնհայտ է նաև, որ կեղծ լուրերի և այլ տիպի անմաքուր սլաքներն ուղղվում են Ազգային-Ժողովրդավարական Բևեռի և նրա մասնակից Սասնա Ծռեր կուսակցության դեմ:

Սասնա Ծռեր կուսակցությունը, ինչպես նաև Ազգային Ժողովրդավարական Բևեռը պաշտոնապես դատապարտում են մեր դեմ ուղղված, հստակ մութ օրակարգեր հետապնդող կեղծ լուրերի և մեղադրանքների ծրագրավորված տարածումը և ստահոդ «ենթադրությունների» ու «բացահայտումների» պլանավորված թողարկումը:

Ազգային-Ժողովրդավարական Բևեռն ու Սասնա Ծռեր կուսակցությունը հայտարարում են, որ անշեղորեն շարունակելու են հանդես գալ Հայաստանում կայունության և օրինականության հաստատման ջատագովի դիրքերից և մերժում են առանց այդ էլ վտանգված երկիրն ապակայունացնող կամ ապօրինի որևէ հայտարարություն, նախաձեռնություն կամ գործողություն»: