Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովուրդը վախից ընտրեց ՔՊ-ին, որ նախկին իշխանությունները հետ չգան, այլապես մեր դաշինքը բարձր տոկոս կհավաքեր․ Շիրինյան

Ժողովուրդը վախից ընտրեց ՔՊ-ին, որ նախկին իշխանությունները հետ չգան, այլապես մեր դաշինքը բարձր տոկոս կհավաքեր․ Շիրինյան
Քաղաքականություն
15:38, 21 июнь 2021
ԱԺ նոր ձևավորվող խորհրդարանում ընդդիմության կազմն ամբողջությամբ կփոխվի։ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին կգան փոխարինելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի կազմած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Արտահերթ ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերից 22-ը չանցան խորհրդարան՝ ոչ բավարար ձայների պատճառով։

Civic.am-ի հետ զրույցում՝ մոտ 1,5 տոկոս հավաքած «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի համահիմնադիր Լևոն Շիրինյանը նշեց, որ խորհրդարանում իրենց ներկայությանը խանգարել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հանրահավաքը։ Նրա կարծիքով ժողովուրդը վախից ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ նախկին իշխանությունները հետ չգան, այլապես իրենց դաշինքը բարձր տոկոս կհավաքեր․ «Մենք կունենայինք զգալի ներկայություն խորհրդարանում, եթե Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք չաներ։ Իր վերջին հանրահավաքը բացարձակ դեր խաղաց, ժողովուրդը սարսափի մեջ ընկավ, և այն զանգվածը, որ մեզ հետ էր միանշանակ՝ ընտրեց վարչապետին՝ կրծքով պաշտպանեց իշխանությանը՝ Քոչարյանի գրոհից։ Մի մասը անկեղծ էր, մյուս մասը հակադրվելով անկեղծ էր։ Մեր դաշինքը ահռելի ընտրազանգված ուներ, որոնց մի մասը հենց մեր աջակիցներն էին, մի մասն էլ նաև գործող իշխանությունից դժգոհներն էին»։

Նարա Մարտիրոսյան