Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքի ձայների համար 5-րդ շարասյունն է գործել՝ լուռ ու մունջ․ Քոչարյանի դաշինքն էլ իր խնդիրը բացարձակ չկատարեց․ Շիրինյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ձայների համար 5-րդ շարասյունն է գործել՝ լուռ ու մունջ․ Քոչարյանի դաշինքն էլ իր խնդիրը բացարձակ չկատարեց․ Շիրինյան
Քաղաքականություն
16:50, 21 июнь 2021
Կայացած արտահերթ ընտրություններին չնայած 25 կուսակցությունների ու դաշինքների մասնակցությանը՝ ԱԺ նոր խորհրդարանը կհամալրվի ընդամենը 3 քաղաքական ուժերով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի և Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի կազմած «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներով։ 

Civic.am-ի հետ զրույցում, ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած՝ մոտ 1,5 տոկոս հավաքած, «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի համահիմնադիր Լևոն Շիրինյանն անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքին՝ նշեց, որ իր կարծիքով 5-րդ շարասյունն է գործել՝ լուռ ու մունջ․ «Դրանց թվերն անհասկանալի է։ Ես 1,5 տարի է մարզերում եմ, դրանց անունը տվող կա՞ր, գիտեի՞ն»։ 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին՝ Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ այդ դաշինքն իր խնդիրը բացարձակ չկատարեց․ «Իրենք ակնհայտ էր, որ որոշել էին դառնային մեծամասնություն և կառավարություն ձևավորեն ու ՔՊ-ի հարցերը լուծեն»։
 
Հարցին՝ ինչու՞ իրենք այլ քաղաքական ուժերի հետ չմիացան՝ օրինակ ՀԱԿ-ի հետ, միգուցե այդ պարագայում բարձր տոկոս հավաքեին՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միանում եմ, որ երկիր կործանե՞մ, ամբողջ պարտվողականությունը նա է բերել։

Լևոն Տեր-Պետրոսյանից բացի նվնվոց ու քայքայիչ աշխատանքը՝ այլ բան չեմ տեսել։ Մենք Արման Բաբաջանյանի շուրջ հստակ պայմանավորվել էինք, որ ընդերքը պետք է պետականացվի, երկիրը արդյունաբերական զարգացում պետք է ունենա, դուք նույնիսկ ՔՊ-ից լսե՞լ եք նման խոսակցություն»։ 

Այս անգամ ևս արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, սակայն մոտ 1,47 տոկոս հավաքած ոչ բավարար ձայների պատճառով չմտավ խորհրդարան։ Կուսակցության անդամ Արա Պապյանը թեև ընդգրկված չէր ընտրական ցուցակում՝ երկքաղաքացիության պատճառով, այնուամենայնիվ կուսակցության հանրահավաքների ժամանակ ակտիվ մասնակցություն էր ունենում իր ելույթներով։ 

Արա Պապյանի խոսքով՝ խորհրադարան են անցել մեր երկրի ողբալի վիճակի համար մեղավոր երեք քաղաքական ուժերը․ «Երեք ուժերն էլ ունեն ընդհանուր արտաքին քաղաքական ուղղվածություն՝ դա Ռուսաստանն է, հետևաբար երեքն էլ սպասարկելու են Ռուսաստանի շահերը։ Ընդդիմություն ասվածը կգործի միայն ներքաղաքական մանր հարցերի շուրջ՝ ով ում ինչ կվիրավորի, ում ձեռքից կփորձի հարստություն կամ ունեցվածք խլի։ Նոր կազմվող խորհրդարանը որակապես զիջում է նախկին խորհրդարանին և այն ամիսների կյանք կունենա անգամ 12 ամիս չի բոլորի»։
 
Արա Պապյանի կարծիքով այս ընտրությունները պետք է հանգեցնեին այն արդյունքների, որ նոր ձևավորվող խորհրդանում լինեին 5-6 քաղաքական ուժեր, մինչդեռ ներկայումս նույնիսկ լիարժեք 3 քաղաքական ուժ չի ներկայացվելու։

«Օրինակ Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության առումով մենք վստահաբար գիտենք, որ գյուղերում ավելի քիչ համակիրներ ունենք քան քաղաքներում, բայց դա որևէ տեղ չերևաց, ընտրությունների արդյունքից ստացվում է, որ բոլոր տեղերում նույն չափի ձայներ ենք ստացել, ինչը տրամաբանական չէ»,- նշեց նա։  

Մեր զրուցակիցը հավելեց, որ իր համար կասկածելի են ՔՊ-ի հավաքած ձայները, ըստ նրա Նիկոլ Փաշինյանը պետք է ստանար մոտ 30 տոկոս ձայն։

Նարա Մարտիրոսյան