Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է. Փաշինյանին հանձնվեց պողպատե մանդատը

Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է. Փաշինյանին հանձնվեց պողպատե մանդատը
Քաղաքականություն
22:22, 21 июнь 2021
Ես հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի. Հանրապետության հրապարակում հրավիրված հետընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական էս թիմին տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա։ Ժողովուրդը իրականացրել է «պողպատե հեղափոխություն»»,- ասաց Փաշինյանը:

«Հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ, միջազգային և տեղական բոլոր դիտորդների համաձայն, համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական։ Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, որ այս ընտրությունների ընթացքում կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն։ Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը»,-  ասաց Փաշինյանը՝ նշելով, որ առաջին հերթին իր քաղաքական համախոհներին է կոչ անում վերջ դնենլ հայհոյախոսությանը:

Հանրահավաքի վերջում ՔՊԿ վարչության անդամը վարչապետի պաշտոնակատարին հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատը: