Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանի թիմը չունի որևէ իրավական հիմք ՍԴ դիմելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»․ Արտաշես Խալաթյան․ Հարցազրույց

«Քոչարյանի թիմը չունի որևէ իրավական հիմք ՍԴ դիմելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»․ Արտաշես Խալաթյան․ Հարցազրույց
Քաղաքականություն
22:08, 21 июнь 2021
Civic.am-ի հյուրը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանն է։
Խալաթյանը նշեց, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը ճանաչում է ընտրությունների արդյունքները։ «2018 թվականից հետո արդեն երկրորդ անգամ ժողովուրդը արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորել է իշխանություն, և դա շատ կարևոր է Հայաստանում ժողովրադավարությունը անշրջելի դարձնելու համար։ Իհարկե, որպես քաղաքական ուժ, մենք բավարարված չենք մեր արդյուքներով, բայց մենք ենթարկվում ենք ժողովրդի կամքին և գտնում ենք, որ Հայաստանում իշխանություն ձևավորելու աղբյուրը և կրողը ժողովուրդն է և այդ առումով, բնականաբար, որևէ վիճարկում, որևէ իրավական գործընթաց չենք պլանավորում, քանի որ ընտրությունները որևէ կասկածի տեղ չեն թողնում։ Այն ընտրախախտումները, որ կային գեներացվում էին նախկին քաղաքական ուժերը ներկայացնող ուժերի, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից։ Գործի էին դրվել հին և «բարի» մեթոդները», - ասաց Արտաշես Խալաթյանը։
Խալաթյանը նշեց, որ քաղաքացիական պատերազմի, դեբոշների մասին թեզերը հիմնականում «Հայաստան» դաշինքի կողմից էին գեներացվում։ «Դա ընտրական տեխնոլոգիա էր՝ Քոչարյանի կողմից կիրառված, որի նպատակը ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ ձևավորելն էր և, որ ժողովուրդը սկսի կասկածել՝ իշխանության կողմից երկրում կարգ ու կանոն հաստատելու ընդունակության վրա», - ասաց Խալաթյանը։
 
 Ըստ Խալաթյանի, Քոչարյանի թիմը չունի որևէ իրավական հիմք, ՍԴ դիմելու և քաղաքական, իրավական գործընթացի միջոցով ընտրությունների արդյունքները վերանայելու համար։ «Այսօր, եթե ՍԴ-ն կայացնի որոշում հօգուտ Քոչարյանի թիմի, այդպիսով մտնելու է յուրաքանչյուր քաղաքացու տուն և գողանալու է յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Դա ունենալու է ոչ միայն քաղաքական ռեզոնանս, ոչ միայն ունենալու է հասարակական համերաշխությունը պառակտելու ռեզոնանս, այլև ունենալու է հստակ քրեաիրավական հետևանքներ, որովհետև դա ակնհայտ անարդար դատական ակտի կայացում է նշանակում, որի վերաբերյալ կան մի շարք հոդվածներ ՀՀ Քրեական օրենսգրքում», - ասաց Արտաշես Խալաթյանը։
 
 Մեկնաբանելով շրջանառվող խոսակցությունները, որ ընդդիմությունը կարող է չվերցնել մանդատները և ստեղծել սահմանադրական ճգնաժամ, Խալաթյանն ասաց, որ մանդատ չվերցնելը քաղաքական գործընթացի մաս է։ Մեր ընտրական օրենսգիրքը, ըստ Խալաթյանի, ապահովում է քաղաքական բազմակարծություն Խորհրդարանում, քանի որ, ըստ օրենքի Խորհրդարանում ապահովվում է նվազագույնը երեք քաղաքական ուժի ներկայություն, սակայն, եթե այդ ուժերը հրաժարվում են վերցնել մանդատները, ապա նշանակում է, որ ունենալու ենք մեկ ուժից բաղկացած Խորհրդարան։ Ի վերջո Խորհրդրարանի բնականոն գործունեության համար ամենակարևորը կայուն մեծամասնության առկայությունն  է։ «Որպես կանխատեսում ասեմ, որ ընդդիմության համար ինքնանպատակ է լինելու տապալել իշխանության բոլոր նախաձեռնությունները։ Այդ ուժերի հետագիծը հաշվի առնելով ես այլ բան չեմ կանխատեսում, բայց մյուս կողմից, այստեղ շատ կարևոր է նաև «Պատիվ ունեմ»-ի վարքագիծը։ «Պատիվ ունեմ»-ը միշտ, հրապարակավ փորձել է տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից և այդ առումով շատ կարևոր է, թե ինչպես կպահեն իրենց երկրի համար բախտորոշ իրավիճակում», - եզրափակեց Խալաթյանը։

Տեսանյութը՝ այստեղ։