Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճիշտ կլիներ, որ ընդդիմադիրներն ընդունեին պարտությունը»․ քաղաքագետը՝ իշխանություն վերցնելու Քոչարյանի հայտարարության մասին

«Ճիշտ կլիներ, որ ընդդիմադիրներն ընդունեին պարտությունը»․ քաղաքագետը՝ իշխանություն վերցնելու Քոչարյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
17:37, 22 июнь 2021
Այսօր «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք իրենց դաշինքի օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու և վարչապետ դառնալու հարցը՝ պատասխանեց․ «Անկասկած, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան։ Մենք մանդատների համար չենք գնում խորհրդարան, երկրի համար պատասխանատվություն կրելու համար ենք գնում խորհրդարան»։ 

Ռոբերտ Քոչարյանը նաև համեմատություն ու մեջբերում արեց Սեյրան Օհանյանի խոսքից՝ ասելով․ «Մենք վերցրել ենք առաջին խրամատները, և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակ»։ 

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը պատասխանելով այն հարցին՝ նախնական հաշվարկներով «Հայաստան» դաշինքն ունենալու է 29 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 71 մանդատ, որքանո՞վ եք հավանական համարում, որ «Հայաստան» դաշինքը կկարողանա վերցնել իշխանությունն իր ձեռքը՝ արձագանքեց․ «Ըստ իս ճիշտ կլիներ, որ ընդդիմադիրներն ընդունեին պարտությունը։ Եղել են որոշ խախտումներ, որոնք արդյունքների վրա էական նշանակություն չեն ունեցել։ Սա արձանագրել է ԺՀՄԻԳ-ը, ԱՊՀ-ն, և Պետդեպը, ինչպես նաև նրանք, ովքեր ներգարվված են եղել դիտորդական առաքելություններում։ Ընտրությունները եղել են լեգալ և լեգիտիմ»։ 

Չնայած քաղաքագետը փաստեց, որ իշխանությունն ընտրվել է լեգալ և լեգիտիմ ճանապարհով, բայց նաև ընդգծեց, որ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունը պետության առջև ծառացած խնդիրներին չի կարողացել համարժեք պատասխանել, հետևաբար շարունակվելու է քաղաքական համակարգի բևեռվածությունն ու քաղաքական ճգնաժամը։  

Նա նաև հավելեց, որ քաղաքական ճգնաժամի խորացումը կախված է նաև արտաքին գործոններից՝ այդ թվում հայ-ադրբեջանական խնդիրներից։   

«Արդյո՞ք ընտրությունները ժողովրդավարական արժեհամակարգի շրջանակներում են ընթացել՝ իրականում ոչ, որովհետև կար բռնության կոչ, կար անհանդուրժողականություն ու կար հասարակության հսկայական պառակտվածության մակարդակ։ Եվ այս պարագայում պառլամենտն իր նպատակին չի ծառայելու՝ լինելու է հակամարտային շարժում և ոչ թե քաղաքական գործընթացներ»,-նշեց քաղաքագետը։

Սուրեն Պետրոսյանը բացառեց, որ ԱԺ նոր կազմը կտանի քաղաքական համակարգի առողջացմանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ իշխանությունը վերցնելու իրենց օրակարգը չի փոխվել՝ ուղղված է իր ընտրազանգվածին, քանի որ մինչ ընտրություններն իրենց ընտրողներին հենց հաղթելու ու իշխանության գալու համոզմունքն են սերմանել։  

Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան», Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքների ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատներով ձևավորվող խորհրդարանն ամենաանցանկալի սցենարն էր, որն իրականություն դարձավ․ «Նախորդ ԱԺ-ում երկու քաղաքական ուժերը, թեպետ ընդիմություն էին, բայց համագործակցում էին իշխանության հետ շատ հարցերում։ Իսկ այս դեպքում այդ հարցերի ծավալը նշանակալիորեն փոքրանալու է և ավելի ծայրահեղական բախում է տեղի ունենալու ԱԺ-ում։ Քաղաքական դաշտի բեևեռականությունը շարունակվելու է»։

Նարա Մարտիրոսյան