Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ՍԴ դիմող Քոչարյանը 2003 թ-ին անտեսում էր ՍԴ որոշումները, իսկ ՍԴ դատավորները ճնշումների էին ենթարկվում 2008 թ-ին

Այսօր ՍԴ դիմող Քոչարյանը 2003 թ-ին անտեսում էր ՍԴ որոշումները, իսկ ՍԴ դատավորները ճնշումների էին ենթարկվում 2008 թ-ին
Քաղաքականություն
19:31, 22 июнь 2021
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Մի կողմ թողնենք, որ այդ հայտարարությունը լսող ՀՀ յուրաքանչյուր գիտակից քաղաքացու մոտ քմծիծաղ ու Քոչարյանի ղեկավարած տարիների մշտապես կեղծված ընտրություններն է հիշում։

Այս առնչությամբ թարմացնենք ոմանց հիշողությունը և անդրադարձ կկատարենք Քոչարյանի ղեկավարած տարիների ընտրություններին ու դրանց հաջորդած իրադարձություններին։ 

Եվ այսպես 2003 թվականի մարտի 5-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո այդ ժամանակվա ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը դիմեց ՍԴ վիճարկելու ընտրության արդյունքները։ Նույն թվականի ապրիլի 16-ին նշանակված նիստում, դատարանը՝ ելնելով այն իրողությունից, որ 2003թ. մայիսի 25-ին նշանակված են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ և Սահմանադրության նոր խմբագրության ընդունման հանրաքվե, որոշեց առաջարկել ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և ՀՀ Նախագահին՝ մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա, հոդվածի առաջին մասի պահանջներին եւ որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը։

Սակայն հիշեցնենք, որ վստահության հանրաքվե այդպես էլ տեղի չունեցավ։

Դրանից հետո մեկ տարով գործընթացը սառեցնելու Սահմանադրական դատարանի փորձը հաջողություն չունեցավ և նոր թափով սկսվեց ընդդիմության հանրահավաքային շարժում և 2004 թվականի ապրիլի 12-ին, Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցի ժամանակ տեսնելով, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց ճնշելն անհնար է՝ ոստիկանությունն անցավ հարձակման:

Մահակներով ու վահաններով զինված ոստիկանները ցուցարարներին շրջափակեցին, ծեծի էին ենթարկվում անգամ նրանք, ովքեր փորձում էին ծածուկ հեռանալ Բաղրամյան պողոտայից: 

Այս դեպքերից հետո մեկուսարաններում հայտնվեցին ավելի քան 500 քաղաքացիներ, մարդիկ, ովքեր հաշվի առնելով իրենց սահմանադրական իրավունքները, թռուցիկ էին փակցրել, պաստառ կամ դրոշ պահել ձեռքում, ելույթ ունեցել:

Դրանից հետո 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները վիճարկելու համար ՀՀ առաջին նախագահ, նախագահի թկենածու Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 24-ին դիմել էր ՍԴ։ Որոշումը պետք է հրապարակվեր մարտի 8-ին, սակայն չսպասելով ՍԴ որոշմանը՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանները հարձակվեցին քնած խաղաղ ցուցարարների վրա, որոնց մեջ կային նաև երեխաներ՝ դաժան ծեծի ենթարկեցին նրանց, կոտրեցին ամբողջ Ազատության հրապարակի գույքը։ Ոստիկանական բռնությունները շարունակվեցին նաև մարտի 1-ի երեկոյան, այնուհետև կիրառված տարբեր տեսակի, այդ թվում «Չերյոմուխա»-յի հետևանքով քաղաքի կենտրոնում զոհվեցին 10 քաղաքացիներ, ձերբակալվեցին ու կալանավորվեցին հարյուրավոր ընդդիմադիր քաղաքացիներ, քաղաքական գործիչներ։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ գործող նախագահը դեռևս Ռոբերտ Քոչարյանն էր։

Նշյալ երկու դեպքերում էլ ՍԴ էր ներկայացվել առավել քան ակնառու փաստեր, սակայն ՍԴ-ն այդպես էլ չհամարեց, որ այդ փաստերը բավարար էին ընտրությունները չեղյալ համարելու համար։

Այսօր, երբ ամբողջ հանրությունը, միջազգային դիտորդները, ընտրությանը մասնակցած այլ քաղաքական ուժեր, իրավապաշտպաններ, տեղական հայտնի դիտորդական կազմակերպություններ, լրագրողներ հայտնում են, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ և տեղի ունեցած մի քանի միջադեպերը չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, Քոչարյանը խոսում է ՍԴ դիմելուց, նշենք, որ հունիսի 20-ին, ողջ օրվա ընթացքում Քոչարյանի շտաբից չի եղել որևէ ահազանգ։

Այն պարագայում, երբ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար Քոչարյանի թիմն արեց ամեն ինչ, ահավասիկ, իր ցուցակում հայտնված բժիշկ Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքը, ընտրություններից առաջ Հանրապետության հրապարակում ղարաբաղից բերված քաղաքացիները, Գազպրոմի և այլ հաստատությունների աշխատակիցների ներկայությունը, իր ընտանիքին պատկանող, իր թիմակիցներին պատկանող ընկերությունների աշխատակիցներին ստիպողաբար հանրահավաքին բերելն առավել քան վկայում էին, թե ով և ինչպես է ցանկացել ազդել ընտրությունների արդյունքների վրա։  

Ներկայացնենք նաև մի քանի փաստեր, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանն իր ղեկավարման տարիներին ազդել ՍԴ-ի որոշումների վրա։ 

Իսկ թե ինչպես է Քոչարյանը ազդեցություն ունեցել ՍԴ-ի որոշումների վրա, կներկայացնենք 2018 թվականի հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիմ Բալայանի հայտարարությունը։

Բալայանը Սահմանադրական դատարանի դատավոր է եղել 2003 թվականից մինչև 2018-ի հունվարի 31-ը։ Նա պնդել է, որ թեև շատ դատավորներ հայտարարում են, որ որևէ ճնշում չի եղել, անուամենայնիվ այդ երևույթը դատական համակարգում երկար տարիներ առկա է եղել․ 

«Եվ փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով, թե ղեկավարությանը որը դուր կգա, էդպես ընթացել են: Բայց երևույթի դեմ պետք է պայքարել»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ճիշտ է հասկանում, որ որոշումներ են ընդունվել Բաղրամյան 26-ի հրահանգով, Բալայանն արձագանքեց․ «Մազաչափ չկասկածեք»:

Կիմ Բալայանը նաև վստահեցրել է, որ դատական համակարգի հետ շփումների ընթացքում տեղեկացել է նաև, որ բացի հեռախոսային հրահանգներից, եղել են հատուկ ցուցակներ, որոնցում նշված են եղել թե կոնկրետ գործերի վերաբերյալ ինչպիսի որոշումներ պետք է կայացվեն․ -«Դուք եթե փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն: Եղել են նաև ցուցակային գործեր՝ ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի դեպք մենք ունեցել ենք»:

Նա ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել նաև անձամբ իր նկատմամբ․

«Միջնորդավորված, Հանրապետության երկրորդ նախագահի անունից իմ վրա էլ են փորձել ճնշում գործադրել։ Կարող եմ հստակ ասել․ ստեղծել էին անկախ հանձնաժողով, որը պետք է քննարկի, թե այս մարդը վաղակետ ազատման իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ես դրան կատեգորիկ դեմ էի: Ինձ թվում է, այդ խոսակցությունները պարզապես հասել էին Հանրապետության նախագահին, իմ մոտ եկավ նախագահի օգնականը իրավական հարցերի գծով և ասեց, որ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է Ձեզ»:

Ըստ Բալայանի, սա իր գործունեության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից ճնշման միակ փորձն է եղել:

«Ազատության» հարցին, թե արդյոք 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ, մինչև բողոքի ցույցերը ճնշելը ՍԴ-ի վրա եղել են ճնշումներ, պաշտոնաթող դատավորն արձագանքեց․ 

«2008 թվականի ընտրությունների ժամանակ և դրանից հետո բոլոր ընտրությունների․․․ հասարակության մեջ տարածված է, որ Սահմանադրական դատարանը ամեն անգամ դակել է իշխանությունների տեսակետը: Բայց իրականության մեջ ընտրական գործընթացի մասնակից ուժերը երբևիցե իրավական ճանապարհով փաստեր չեն հավաքել և դատարան չեն ներկայացրել»:

Այդուհանդերձ, քաղաքական ճնշումների ու արդարադատության պակասի մասին հայտարարող Կիմ Բալայանը, ըստ վիկիլիքսյան բացահայտված փաստաթղթերի, 2008 թվականին համագործակցել է իշխանության հետ՝ որդուն Արտաքին գործերի նախարարությունում պաշտոնի նշանակելու համար։ Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, նման պնդում դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը արել է ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանը։ Վիքիլիքյան փաստաթղթում նաև նշվում է․

«Պողոսյանը ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է»: Պողոսյանը նաև ասել էր, թե իրեն ևս այդ օրերին նախագահի աշխատակազմից են զանգահարել:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում հարցին, թե արդյոք իր գործունեության ընթացքում նախագահականից կամ որևէ այլ տեղից զանգեր չի ստացել, Պողոսյանը պատասխանեց․ 

«Ենթադրենք զանգ են տվել: Հետո՞: Ես ինչ կարող եմ ասել: Զանգ են տվել, ասել են՝ հանդիպենք, ես ասել եմ՝ ոչ: Դա համարեմ ճնշո՞ւմ: Կարող եմ համարել, կարող եմ չհամարել»:

Ցուցակների կամ Բաղրամյան 26-ից հրահանգով դատավճիռների վերաբերյալ փաստեր Պողոսյանը չունի, ասում է որ դրանց մասին լսել է միայն մամուլից։

Նյութում օգտագործվել են azatutyun.am-ի և Ա1+-ի արխիվային նյութերից։