Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու. Լին Թրեյսին՝ Հայկ Չոբանյանին

ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու. Լին Թրեյսին՝ Հայկ Չոբանյանին
Քաղաքականություն
20:21, 22 июнь 2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: 
Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով քննարկելու  համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները:

Կարևորելով առկա համագործակցությունը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի կայացման գործում ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել 2000-ականներին՝ հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի օժանդակությամբ: Ամերիկյան ներդրումների միջոցով բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում, ինժեներական սեկտորի բավականին ներկայանալի բազա է ստեղծվել,  կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա Հայաստանն իր դիրքն է ապահովել, ներկայումս էլ՝ մեծ հնարավորություններ են առկա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Նախարարի պաշտոնակատարը դեսպանին է ներկայացրել Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել է  Ինժեներական քաղաքի ծրագրին, և հրավիրել է դեսպանին մոտ ապագայում համատեղ այց իրականացնել այնտեղ: Հայկ Չոբանյանը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ դերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում, որի շրջանակներում թվայնացման ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր են իրականացվում:
Դեսպան Լին Թրեյսին  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա շնորհավորել է ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու, ոլորտի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանն անդրադարձել են համատեղ իրականացվող տեխնոկրթական ծրագրերի, կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է դեսպանին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին: