Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև. Արայիկ Հարությունյանը պատրաստ է երկխոսության

Ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև. Արայիկ Հարությունյանը պատրաստ է երկխոսության
Քաղաքականություն
22:11, 22 июнь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանը  խոսել է բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Նախօրեին հրապարակում հավաքված քաղաքացիների՝ նախագահի հրաժարականի կոչերին ի պատասխան՝ նա իր ելույթում ասել է.

«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից: Կամ թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»:

Արայիկ Հարությունյանը իր խոսքում նշել է, որ պատրաստ է բոլորի հետ երկխոսության:

«Թող արտահայտեն իրենց կարծիքը, պատրաստ եմ լսել և՛ հրապարակայնորեն, և՛ առանձին, պատրաստ եմ լսել նրանց, ովքեր այստեղ տարբեր վանկարկումներ են անում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին», - շեշտել է նա:
Հարությունյանը խոսել է նաև ՀՀ և ԱՀ հարաբերությունների մասին: