Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Գրիգորյանը հետ է կանգնում իր խոսքից և գնում է խորհրդարան՝ Փաշինյանի վարչապետությամբ ընդդիմադիր աշխատելու․ Տեսանյութ

Ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորի մանդատը վերցրած ու խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը արտահերթ ընտրություններին մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով։ 

Նշենք, որ Աննա Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 3-րդ տեղում է, այսինքն նոր կազմվող խորհրդարանի մանդատ է ստանում։

Սյունիքից ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը նախքան արտահերթ ընտրությունները Hraparak.am-ին ասել էր, որ ինքը խորհրդարանում չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ ընտրվի։ «Եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, ես այս խորհրդարանում չեմ լինի», - հայտարարել էր Գրիգորյանը։ 

Սակայն, երեկ, անգամ Սյունիքում Քոչարյանի դաշինքի խայտառակ պարտությունից հետո, Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն հայտնեց իրենց դաշինքի ընտրազանգվածից և ընդգծեց, թե չեն հանձնվելու․ «Մենք չենք հանձնվելու, այլ շարունակելու ենք աշխատել՝ ի գործ դնելով մեր ամբողջ ներուժն ու գործիքակազմը»։ 

Ասել է թե՝ նորաթուխ պատգամավորը հետ է կանգնում իր խոսքից և վերցնում է մանդատը ու գնում վարչապետ Փաշինյանի մեծամասնությամբ խորհրդարանում ընդդիմադիր աշխատելու։ 

Civic.am-ը փորձեց կապ հաստատել Աննա Գրիգորյանի հետ՝ հարցնելու, թե ինչու է հետ կանգնում իր խոսքից, սակայն քաղաքական ուժը փոխած Գրիգորյանն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանը չուներ վերջնական որոշում ՝ արդյոք ինքը կվերցնի մանդատը, թե ոչ, բայց իր խոսքից ակնհայտ էր, որ «Հայաստան» դաշինքին հասնող 29 մանդատը վերցնելու են պատգամավորի թեկնածուները։

Կից ներկայացնում ենք ընտրությունից առաջ Աննա Գրիգորյանի տված հարցազրույցը։