Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օձունի գյուղապետը հաստատում է, Լոռու մարզպետը՝ հերքում. ինչ է կատարվել մարզպետի աշխատասենյակում․ ՀԺ

Օձունի գյուղապետը հաստատում է, Լոռու մարզպետը՝ հերքում. ինչ է կատարվել մարզպետի աշխատասենյակում․ ՀԺ
Քաղաքականություն
14:49, 23 июнь 2021
Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզպետի աշխատասենյակում, մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից ծեծի է ենթարկվել Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը: Ըստ տեղեկությունների՝ մարզպետը կանչել է համայնքապետին և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի ենթարկել:

ՀԺ-ն կապ հաստատեց Արսեն Տիտանյանի հետ, որը սակայն, այդ պահին բուժզննում էր անցնում. «Ես հիվանդանոցում եմ, տեղս այդքան էլ հարմար չէ, խնդրում եմ ավելի ուշ զանգահարեք»,-ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով միայն, որ վերահաստատում է՝ ծեծ ու բռնություն իր նկատմամբ իսկապես եղել է: 

Օձունի համանքապետարանի աշխատակազմի ղեկավար Հարություն Գալստյանը մեր զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց, ասաց` մարզպետը Տիտանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նա մերժել է, ինչից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել:

Նա պատմեց, որ երեկ՝ հունիսի 22-ին, Տիտանյանը հրավիրվել էր մարզպետարան: Քանի որ ինքն էլ մարզպետարանի տարբեր բաժիններում գործեր ուներ, միասին են գնացել: Մոտ 40 րոպե անց երկրորդ հարկից, որտեղ մարզպետի աշխատասենյակն է, բարձր ձայներ են լսվել: Երբ շտապել է վերեւ, տեսել է, որ Արսեն Տիտանյանն արդեն իջնում է: «Ասաց մարզպետն է իր վրա հարձակվել»,- հետո պարզածը ներկայացրեց Հարություն Գալստյանը: Թե ինչպես է արտահայտվել այդ «հարձակումը», նա մանրամասնել չկարողացավ: Ասաց, որ գյուղապետն այնպիսի վիճակում էր, որ միայն կցկտուր տեղեկություններ է կարողացել փոխանցել: Ասել է, սակայն, որ հետո մարզպետի տեղակալներն են միացել, մարզպետարանի պաշտոնյաներից մեկը հարվածել է իրեն, թե ով, չի հիշում: «Ինչպես հասկացա, իրավիճակը փրկել է Վանաձորի քաղաքապետը»,- ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ քանի որ Վանաձորի քաղաքապետը նույնպես մարզպետարանի ընդունարանում է եղել, ենթադրում է, որ տարբեր ժամերի հրավիրված են եղել տարբեր համայնքների ղեկավարներ:


Օձուն համայնքի ղեկավարին հրաժարականի պահանջ ներկայացվելու բացատրություն-պատճառաբանությունը եւս համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հստակ հայտնի չէ:

«Պատճառը երեւի թե իրենց կուսակցությանը չանդամակցելն է»,- ենթադրեց նա: Վստահեցրեց, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից բնակիչներին ուղղորդելու, նրանց ազատ կամարտահայտման վրա բռնանալու խնդիր չի եղել: Որպես ապացույց Հարություն Գալստյանը ասաց, որ ինքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, նրանց կողմից ներկայացված է եղել ընտրական հանձնաժողովի կազմում, կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին գյուղում ինքն է դիմավորել քարոզարշավի ժամանակ, բայց որեւէ ճնշման չի ենթարկվել:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը սակայն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկությունները, դրանք որակելով սուտ. «Հանդիպել ենք Օձունի համայնքապետի հետ, նաեւ Վանաձորի քաղաքապետի հետ, բայց այն, ինչ գրում են, իրականությանը չի համապատասխանում»,- մեր զրույցում ասաց մարզպետը: Հարցին՝ հրաժարական չե՞ք պահանջել, ասաց. «Ոչ, ծեծկռտուք ու վիճաբանություն էլ չի եղել»:

Ըստ տեղեկությունների՝ մարզպետը հանդիպման է կանչել, ապա նաեւ հրաժարականի դիմումներ պահանջել Նոր Խաչակապ եւ Ղուրսալի համայնքների ղեկավարներից. «Ես ոչ մեկից ոչ մի բան չեմ պահանջել, ոչ հրաժարական, ոչ բան…սուտ տեղեկություններ են»: Տեղեկությունը մեր զրույցում հերքեցին նաեւ համայնքի ղեկավարները:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ մեր զրույցում հաստատեց՝ նախօրեին ինքը եւս հանդիպել է Լոռու մարզպետին, սակայն որեւէ վիճաբանություն, որեւէ խոսակցություն իր հետ չի եղել. «Ինձ հետ կապված որեւէ խոսակցություն, որեւէ խնդիր չկա: Ես կարող եմ օր ու մեջ հանդիպել…Իմ հրաժարականը ոչ մեկը նախ չի կարա պահանջի, եւ հետո՝ նման խոսակցություն, անգամ ակնարկ չի եղել»,-ասաց Վանաձորի քաղաքապետը, նշելով սակայն, որ մարզպետի եւ Օձունի համայնքապետի միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը ինքը ներկա չի եղել, չի տեսել. «Ես ներկա չեմ եղել բուն վիճաբանությանը»:


Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):

Հիշյալ միջադեպին այսօր Գյումրիում անդրադարձավ նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ միջադեպի մասին տեղյակ է, սակայն մանրամասներին չի տիրապետում: Ըստ Ավինյանի, Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները: