Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ոչ համագործակցային վարքագիծը չի ազդելու իշխանության վրա, այն ունի բացարձակ մեծամասնություն․ քաղաքագետ

ԱԺ-ում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ոչ համագործակցային վարքագիծը չի ազդելու իշխանության վրա, այն ունի բացարձակ մեծամասնություն․ քաղաքագետ
Քաղաքականություն
17:37, 23 июнь 2021
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Civic.am-ի հետ զրույցում խոսելով ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու եւ մարդկանց ուղղորդելու լուրերի մասին, կարծիք հայտնեց, որ ընդհանուր առմամբ ընտրակաշառքի բաժանման դեպքերը խիստ մասնավոր են եղել, զանգվածային բնույթ չեն կրել, որովհետեւ իշխանությունները բավականին լուրջ հետապնդումներ էին սկսել այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ փորձել են ընտրակաշառք բաժանել եւ ձերբակալություններ են եղել։

«Ուստի ընտրակաշառքը ընտրական գործընթացների վրա շատ մեծ ազդեցություն չի ունեցել։ Ընդհանուր առմամբ եղել են թերություններ, ուղղորդման դեպքեր, մարդկանց այսպես ասած հարկադրելու դեպքեր, բայց դրանք զանգվածային բնույթ չեն կրել եւ ընտրությունները ընդհանուր առմամբ եղել են ազատ, արդար եւ թափանցիկ», - ասաց նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերից ձևավորված մարմին ստեղծելու մասին, Վարդանյանն ասաց․ «Հնարավոր է նման մարմին ստեղծել, որը չպետք պետական լինի։ Դա պետք է ակումբի տեսքով ոչ ֆորմալ հարթակ լինի, որտեղ արտախորհրդարանական ուժերը եւ իշխանությունը կքննարկեն պետության համար առանցքային, կենսական, ներքին եւ արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր եւ իշխանությունը լսի նաեւ արտախորհրդարանական ուժերի առաջարկները։ Փաշինյանի առաջարկը շատ լավ առաջարկ է»։

Հարցին՝ հնարավո՞ր է նոր Կառավարությունում հայտնվեն արտախորհրադարանական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքագետը պատասխանեց․ «Հնարավոր համարում եմ, նամանավանդ այդպիսի փորձ եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության դեպքում հենց սկզբից, օրինակ՝ Արտակ Զեյնալյանը, ով արտախորհրդարանական կուսակցության ներկայացուցիչ էր։ Այնպես որ այդպիսի փորձ կա եւ հնարավոր եմ համարում այդ ձեւաչափի կիրառումը»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ գնում է Ազգային ժողով իշխանություն վերցնելու, Արմեն Վարդանյանն ասաց․ «Եթե քաղաքական ուժերը հայտնվել են ԱԺ-ում՝ միայն լավ աշխատելու դեպքում կարող են հետագայում իշխանությունը վերցնելու շանսեր ունենալ։ Հիմա Քոչարյանի ղեկավարած դաշինքը եթե շատ լավ աշխատի ԱԺ-ում, ապացուցեն, որ կարող են լինել լավ ընդդիմություն, ապա տեսականորեն կարող են գալ իշխանության, իհարկե ես դրան չեմ հավատում։ Քոչարյանը պարտավոր է գնալ Ազգային ժողով եւ սպասարկել իրենց ձայն տված քաղաքացիների շահերը․ մանդատները չվերցնելը դավաճանություն կլինի իրենց ձայն տված քաղաքացիների նկատմամբ»։

Քաղաքագետը հավելեց, որ միգուցե ԱԺ անցած ուժերը չցանկանան համագործակցել իշխող ուժի հետ, դա իրենց իրավունքն է․ «Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, բայց իշխանությունը պետք է իմանա, որ ունի  բացարձակ մեծամասնություն, այդ թվում՝ սահմանադրական մեծամասնություն, ինքը կարող է ցանկացած օրենք անցկացնել Ազգային ժողովում եւ այս առումով խորհրդարան անցած ուժերի ոչ համագործակցային վարքագիծը մեծ հաշվով չի ազդելու իշխանության, Կառավարության գործունեության վրա, բայց ես շատ կցանկանայի ժողովրդավարական քաղաքական մշակույթին բնորոշ տարրեր լինեն, որովհետու ինչու ոչ՝ իշխանությունը պետք է հաշվի առնի նաեւ ընդդիմության առաջարկությունները եւ կարծիքները, միայն չդակի Կառավարության բերած օրենքները», - նշեց նա։