Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրիխանյանը կուսակցության հետ չի համաձայնեցրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը. Արա Աբրահամյան

Ուրիխանյանը կուսակցության հետ չի համաձայնեցրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը. Արա Աբրահամյան
Քաղաքականություն
12:51, 24 июнь 2021
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը կուսակցության անդամների հետ համաձայնեցված չի եղել:

«Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ո՛չ Արա Աբրահամյանի, ո՛չ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից:

ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրահամյանը եւ ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որեւէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ եւ չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»։

Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ Ուրիխանյանը նշել էր, որ խոսում է «Ալյանս» կուսակցության անունից, բայց վստահ է, որ իր կարծիքը կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր իր հետ մասնակցել են ընտրություններին:

Տիգրան Ուրիխանյանն ու Արա Աբրահամյանն ավելի վաղ համագործակցության հուշագիր էին ստորագրել ու որոշել համատեղ մասնակցել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությամբ: Նրանց քաղաքական ուժին չէր հաջողվել ընտրություններում հաղթահարել 1 տոկոսի շեմը: