Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ ընդդիմությունը Երեւանի ընտրություններին չի մասնակցում՝ «խայտառակության նույն գետը» չմտնելու համար․ անգամ «Գելափի» հարցումները վկայում են նախկին նախագահների հետ ասոցացվող ուժերի հանրային վստահության ողբալի վիճակի մասին

ԱԺ ընդդիմությունը Երեւանի ընտրություններին չի մասնակցում՝ «խայտառակության նույն գետը» չմտնելու համար․ անգամ «Գելափի» հարցումները վկայում են նախկին նախագահների հետ ասոցացվող ուժերի հանրային վստահության ողբալի վիճակի մասին
Քաղաքականություն
20:00, 09 август 2023
Մինչ նորահայտ  որոշ քաղաքական ուժեր Երևանի ՏԻՄ ընտրությունները դիտարկում են  «իշխանափոխության նախերգանք» (մի կողմ դնենք  նրանց հավակնությունների ու հանրային  վստահության միջև եղած տարբերությունը), օրնիբուն իշխանափոխություն բարբառող խորհրդարանական ընդդիմությունը որոշել է չմասնակցել «Երևանի առումին»։  Ոչ միայն դաշինք կազմելով, այլև առանձին-առանձին՝ ի դեմս ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի։ Այսինքն՝ նախկին երկու նախագահների շուրջ համախմբված ուժերի։ Ինչո՞ւ։ Հարցադրումը ենթադրում է մի քանի պատասխան, որոնց փորձենք անդրադառնալ հաջորդաբար։   

Նախ՝ որքան էլ ընդդիմությունը հայտարարում է համազգային միասնականության, ընդդիմադիր «առողջ, կարող  ուժերի» համախմբման և միասնական ջանքերով  այս իշխանության «վերջը տալու» մասին, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը պառակտված է, գործում են միմյանց ներքուստ հակոտնյա ուժեր, որոնցից ամեն մեկը կառավարվում է  մեկ կենտրոնի կողմից՝ Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված (փեսա Միշիկ) և Ռոբերտ Քոչարյանի։  ՀՅԴ-ի այսօր տարածած հայտարարությունն ասվածի վկայությունն է՝ «ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»: 

Նկատենք, որ 2021-ի խորհրդարանական ընտրությունների «ճակատամարտը» ձախողելուց հետո, որին,  ի դեպ,  նույնպես  մասնակցեց անջատ-անջատ,  ընդդիմությունը ներքին համոզմունք ունի, որ ձախողելու է նաև մարտը՝ Երևանի ընտրությունները (որոնք կարևոր մարտավարական նշանակություն ունեն) և հաջորդ համապետական ընտրություններին գնալու է  ջախջախված կամ «մինչև քոք մաշված» ռեյտինգով։ 

Այդ մասին են վկայում նույնիսկ սոցիոլոգիական ամենաարժանահավատ հարցումների արդյունքները, որոնք ընդդիմության որոշ լիդերներ, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը  հրճվանքով է վկայակոչում։ 

Վերջինս, ի դեպ, հղում անելով ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալներին, որոնք արվել էին ս.թ. մարտին, հրապարակվել՝ մայիսի սկզբին, ազդարարել էր. «Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է: Այլ հարց է, որ ընդդիմության հայտնի դեմքերից ոչ ոք ավելի բարձր ցուցանիշ չունի, սակայն Նիկոլի նման սոսկալի վարկանիշը վկայությունն է այն բանի, որ ուժեղ հանրային քաղաքական հայտ տվող ուժի պարագայում կա հանրության կողմից նման առաջնորդության (անձնական կամ թիմային) պահանջարկ: Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընդամենը 21%-ը, Երևանում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 17%: Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի առաջատարը՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերում»: Փաստորեն, ամիսներ անց արդեն Աշոտյանն ու նրա կուսակցությունը որոշեցին  «աղետալի վարկանիշ ունեցող»  Նիկոլ Փաշինյանի կուսակցությանն ու նրա քաղաքապետի թեկնածուին ազատել իրենց մրցակցությունից, այսինքն՝ չբավարարել հանրության մոտ առկա ուժեղ «քաղաքական առաջնորդության» պահանջարկը կամ, ինչպես կասեր դասականը՝ «չխանգարել» երևանցիների «տոնը»։ Իրոք որ, Աշոտյանն ու ՀՀԿ-ն՝ ուր, ուժեղ առաջնորդությունն՝ ուր։ Այս երկուսն ուժեղ են միայն ճառ ասելիս, իսկ երբ հերթը հասնում է զանգ կախելուն, նրանք խուսափում են առաջադրել այն կախելու թեկուզև ձախողակ, բայց և փորձ ունեցած թեկնածուին՝ Տարոն Մարգարյանին, գոնե հանուն քաղաքական  կոնկուրենցիայի։  

Այսօր էլ, ինչպես հայտնի է, հրապարակվել են տեղական կազմակերպություններից մեկի՝ GALLUP International Association-ի իրականացրած հարցման արդյունքները, որոնք վկայում են ընդդիմության ողբալի վարկանիշի մասին։ Եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ սոցհարցման արդյունքները «նկարված» չեն, այլ իրական են, ապա ըստ դրանց՝ ՔՊ-ի կամ Տիգրան Ավինյանի օգտին կքվեարկի հարցվածների 9.3%-ը։ Իսկ այ՝ ամիսներ առաջ փլուզված և միայն մեկ՝  ՀՅԴ-ի  խմբակցության վերածված  «Հայաստան» դաշինքի օգտին ձայն կտա հարցվածների 2.8%-ը, ՀՀԿ-ի օգտին էլ՝ 1.2%-ը։ Հարկ է նկատել, որ գործող իշխանական թիմի երբեմնի քաղաքապետ, այդ պաշտոնում  երեք տարի պաշտոնավարած Հայկ Մարությանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան տասնյակ տարիներ կառավարած քաղաքական ուժերը. Մարությանին, ըստ այս հարցումների,  ձայն կտա հարցվածների 3.7%-ը։ Համեմատության համար նշենք նաև, որ  «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հիմնած «Հանրային ձայն» կուսակցության անդամ Արտակ Գալստյանի հանրային վստահությունը ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը՝ 1,4%։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ի դեմս  իրենց հովանավորյալ կուսակցությունների,  միասին վերցրած Երևանում նույնիսկ 5 տոկոսի ձայն չունեն, այսինքն՝ չեն կարող ապահովել ավագանի ձևավորելու համար սահմանված նվազագույն շեմը։   
 
Ակնհայտ է, որ  ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու համար պետք է դաշինք կազմի, որը, սակայն, տեղի չունեցավ. կատարյալ ֆիասկոյից խուսափելու համար իշխանափոխություն փափագող ռևանշիստների խմբակը որոշեց  «փաս» ասել ու  «խայտառակության նույն գետը» երկրորդ-երրորդ  անգամ չմտնել։ 

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում  ՏԻՄ վերջին ընտրությունները տեղի ունեցան 2018-ի թավշյա հեղափոխությունից շուրջ 5 ամիս անց։

Դրանից առաջ Երևանում ՏԻՄ հերթական ընտրությունները տեղի էին ունեցել 2017-ի մայիսին, որի արդյունքներով հերթական անգամ քաղաքապետ էր ընտրվել Տարոն Մարգարյանը. նրան առաջադրած ՀՀԿ-ին կողմ էր քվեարկել  240.034 երևանցի կամ ընտրողների  71,25 տոկոսը։ 2018-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն չմասնակցեց, իսկ ՀՅԴ-ն ստացավ 1,62 տոկոս քվե։ Իսկ ահա արդեն 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքը, որը կազմված էր Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ից և Ա. Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունից, Երևանում ստացել էր քվեների ընդամենը 5.75 տոկոսը։  Այսինքն՝ այս երկու նախկին ԱԱԾ-ականների ղեկավարած կուսակցությունների  հանրային վստահության  հանրագումարը  չձգեց անգամ 6 տոկոսի։ Իսկ  Քոչարյան+ՀՅԴ+«Վերածնվող Հայաստան», նույն ինքը՝  «Հայաստան» դաշինքը մայրաքաղաքում ստացել էր 27.97 տոկոս քվե։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանում, հիշեցնենք, ստացել էր  քվեների 41.09 տոկոսը։   

Հ.Գ. Այլևս ակնհայտ է, որ  սերժաքոչարյանական ընդդիմությունը որպես իշխանափոխության միջոց այլևս չի դիտարկում  ընտրությունների սահմանադրական մեխանիզմը։ Այդ է պատճառը, որ ընդդիմությունը սևեռված է խորհրդարանի մակարդակով իշխանափոխություն անելու տարբերակի վրա, որի դեպքում, ըստ իրենց գծած սցենարի, պետք է վարչապետը ժողովրդական ճնշման ներքո ստիպված  հրաժարական տա, խորհրդարանը նոր վարչապետ ընտրի, սա էլ իր ձեռքը վերցնի պետական կառավարման համակարգը ու սկսի իշխանավարել  «հին ու բարի ավանդույթներով»՝ ընտրությունների արդյունքների կեղծումից մինչև կոռուպցիա, հովանավորչություն, մենաշնորհներ... Անգամ վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական գործիքը  ընդդիմությունն ի վիճակի չէ կիրառել՝ հաշվի առնելով խորհրդարանում բաշխված ձայների հարաբերակցությունը։ Կարճ ասած՝ առաջիկա ընտրություններին երևանցիների գործը թեթևացել է, ընտրություններին  մասնակցող ուժերի ցանկում ՀՅԴ, ՀՀԿ հապավումներին այլևս չի առնչվի։     

Հ. Մանուկյան