Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի մանդատ կստանա յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում. ԿԸՀ-ն հաստատել է մանդատների թիվը

Քանի մանդատ կստանա յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում. ԿԸՀ-ն հաստատել է մանդատների թիվը
Քաղաքականություն
15:15, 27 июнь 2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաշվարկել է, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը քանի մանդատ կստանա նորաստեղծ խորհրդարանում:
Որոշման համաձայն,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։


Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 մանդատներից բացի կստանա ևս 3 տեղ ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, քուրդ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն էլ իր ստացած 26 մանդատներից բացի կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։

«Հայաստան» դաշինքը բացի այս 1 մանդատից, ստանալու է ևս 2 լրացուցիչ տեղ խորհրդարանում, քանի որ, ինչպես մեկնաբանել է ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատները ընդհանուր թիվը պետք է լինի 36 ու քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ այդ մանդատները տրվելու են իրենց:
Վերջնական հաշվարկով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ գումարման ազգային ժողովում կկազմի մեծամասնություն ու կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը` 29«Պատիվ ունեմ» դաշինքը` 7։


Խորհրդարանում ներկայացված կլինեն միայն այս 3 քաղաքական ուժերը:  Հիշեցնենք, հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։

Հիշեցնենք, «Պատիվ ունեմ» դաշինքը, թեև չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, սակայն անցնում է խորհրդարան՝ որպես առավելագույն թվով ձայներ ստացած երրորդ ուժ:

Ավելի վաղ ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում այսօր՝ 1 շաբաթ անց, ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: