Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն այս տարածաշրջանից հեռանալ չի պատրաստվում․ ԵՄ 3 ԱԳ նախարարների ուշագրավ այցը հետընտրական շրջանում. 1in.am

ԵՄ-ն այս տարածաշրջանից հեռանալ չի պատրաստվում․ ԵՄ 3 ԱԳ նախարարների ուշագրավ այցը հետընտրական շրջանում. 1in.am
Քաղաքականություն
16:24, 28 июнь 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրամիության պատվիրակությանը: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով՝ ի ուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Եվրամիությունն իր արտաքին քաղաքականության և մասնավորապես ԱլԳ հեռանկարների հստակեցման առումով բավականին կարևոր փուլ է թևակոխել․«Եվ այժմ՝ պաշտոնական Բրյուսելը կարիք ունի հստակեցնել իր առաջնահերթությունները տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաև Արևելյան հարևանության անդամ երկրների հետ հարաբերություննեը  զարգացնելու տեսանկյունից։ Եվրամիության անդամ երեք երկրների արտգործնախարարների և ԵՄ տարբեր պաշտոնյաների այցը տարածաշրջան առաջին հերթին հետապնդում էր հենց այդ նպատակը։ Այցելելով Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան՝ նրանք ցանկանում էին տեղում ծանոթանալ այդ երկրների առաջնահերթություններին, Եվրամիության  հետ համագործակցության զարգացման տեսլականին և դրա հիման վրա նաև ձևակերպել առաջարկ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց նա;

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առաջիկայում սպասվող Եվրամիության գագաթաժողովի ժամանակ տարածաշրջանում հավաքած տեղեկատվությունը արտգործնախարարները կներկայացնեն նաև իրենց գործընկերներին․«Բացի այդ՝ այցը կարևոր էր մի քանի այլ առումներով ևս։ Մասնավորապես  արտգործնախարարները փորձում էին ընդգծել կամ շեշտել, որ տարածաշրջանում Եվրամիությունն ունի հստակ շահեր կամ հետաքրքրություններ, ԵՄ-ն չի պատրաստվում հեռանալ մեր տարածաշրջանից։ Իհարկե տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն դիվեսիֆիկացման սկզբունքի հիման վրա։ Բացի այդ՝ ինչպես նշեցի, բավական կարևոր ու ուշագրավ էր այն փաստը, որ այցը համընկավ Հայաստանի հետընտրական փուլի հետ։ Այսինքն՝ երբ տեղի են ունեցել ընտրությունները, արտգործնախարարները բավականին դրական խոսեցին կայացած ընտրությունների ժողովրդավարական բնույթի մասին և նշեցին, որ դրանք  կազմակերպվել են բավականին բարձր մակարդակով»:

Մինասյանի խոսքերով՝ սա անուղղակիորեն նպաստում է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը․«Իհարկե ակնհայտ էր, որ ԵՄ  երեք անդամ երկրների արտգործնախարարները փորձում էին նաև տարածաշրջանային այցի շրջանակներում գտնել այն հնարավոր հարցերը, որոնց հետ կապված Եվրամիությունը կարող է դրական դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության համատեքստում։Եվ ինչպես  նրանք նշեցին՝ ամենաառանցքային խնդիրը նրանց համար փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է։ Եվրամիությունը պատրաստակամ է ու շահագրգռված նպաստել այս ուղղությամբ կողմերի միջև հնարավոր քայլերին»։

Քաղաքագետը շեշտեց՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգը հիմնված է երկկողմ իրավական հիմքի վրա․«Խոսքը վերաբերում է  ՍԵՊԱ-ին։ Եվ բնականաբար այդ պայմանագիրն ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ իր ժամանակացույցով։ Եվ բոլոր գործողությունները իրականացվում են ըստ ժամանակացույցի։ Եվ բնականաբար ես չեմ կարծում, որ այս ուղղությամբ որևէ շեղում կլինի։ Երկկողմ հարաբերություններում կտրուկ փոփոխություներ ու շրջադարձեր պետք չէ ակնկալել։Ենթադրում եմ, որ ռուսական կողմը ևս տեղյակ է իրականացվող բարեփոխումների գործընթացից՝ համաձայն այդ ճանապարհային քարտեզի»,-եզրափակեց նա։

Աղբյուր՝ 1in.am