Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. քաղաքապետարանի խոսնակ․ azatutyun.am

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. քաղաքապետարանի խոսնակ․ azatutyun.am
Քաղաքականություն
19:09, 28 июнь 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում է աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով», - ասաց Կարապետյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրություններին «ակներև չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» և այս պարագայում անհրաժեշտ է լուծում, որից «քաղաքը չի տուժի»»։

Հարությունյանը «Ազատության» եթերում նաև ասաց, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն. - «Էս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:

«Անկեղծ ասած, ինձ դուր չեկավ Արայիկ Հարությունյանի ասածը, որովհետև դա ներկուսակցական հարց չէ, և պարտավոր են պարզապես հարգել երևանցու քվեն», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց մայրաքաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Աբգարյանը, ով 2020-ի նոյեմբերին դուրս է եկել ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, ընդգծեց, որ այս հարցում կուսակցության շահը չպետք է վեր դասվի։ - «Քաղաքապետին ընտրել են երևանցիները։ Եկեք չմոռանանք ՏԻՄ անկախության մասին։ Մեր ցուցակը գլխավոր է Հայկ Մարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, և երևանցին իր ձայնը տվել է Հայկ Մարությանին և իր ծրագրին, որը նա իրականացնում է։ Եվ կարծում եմ, երևանցիների հանդեպ կլինի անարդար, եթե կուսակցությունը գնա հենց կուսակցական որոշման։ «Քաղաքացիական պայմանագրում» չգիտես ինչու մտածում են, որ մարդու նվիրվածությունը դա՝ Նիկոլ Փաշինյանի նկարը դնել պատին և ասել անվերապահ աջակցությունս... Բայց չեն մտածում, որ մարդը, որն իր աշխատանքով օգուտ է բերում քաղաքական ուժին և իրացնում է իսկապես հեղափոխության օրակարգը, այդ մարդն է հենց իրականում նվիրված»։
Երևան քաղաքի ղեկավարի հարցը ցանկացած պարագայում պետք է որոշի ավագանին, շեշտում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։ - «Չի կարող որևէ մեկը կողքից, դրսից փոփոխություններ իրականացնել, եթե դա ավագանին չի որոշել»։

2018-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը նախքան ընտրությունները հայտարարել էր. «Ընտրություններն ինձ չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված` գլուխս կախ»:

Հունիսի 22-ի ավագանու նիստի ընթացքում Մարությանը շնորհավորեց քաղաքացիներին «ազատ, թափանցիկ և անցնցում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ»։

Նրա և իշխող թիմի լարված հարաբերությունների մասին մամուլը գրում է ամիսներ շարունակ։ Սակայն ինքը՝ քաղաքապետը երբեք անձամբ չի մեկնաբանել այդ լուրերը։