Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն պնդում է, թե «ՄԱԿ ԱԽ-ը շանտաժի համար օգտագործելու» Երևանի փորձը ձախողվել է

Բաքուն պնդում է, թե «ՄԱԿ ԱԽ-ը շանտաժի համար օգտագործելու» Երևանի փորձը ձախողվել է
Քաղաքականություն
12:23, 17 август 2023
Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում երեկ տեղի ունեցած քննարկմանը՝ հայտարարելով, թե հույսը դնում է Բաքվի հետ բանակցություններում Երևանի կառուցողական մոտեցման վրա։

«Ադրբեջանը հուսով է՝ Հայաստանը վերջապես կհասկանա, որ հարցերի լուծման ճանապարհը կառուցողական փոխգործակցության, ինչպես նաև միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացումն է», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Բաքվում կարծում են, թե «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեփական շանտաժի համար օգտագործելու Հայաստանի հերթական փորձը ձախողվել է»:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման հիման վրա: «Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով», - հայտարարում է Բաքուն:

«Ադրբեջանը հավատարիմ է կառուցողական փոխգործակցությանը բոլոր կողմերի հետ, որոնք անկեղծորեն շահագրգռված են նպաստելու հարաբերությունների կարգավորմանը և այդպիսով պատրաստ են նպաստել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը», - եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Աղբյուր՝ azatutyun.am