Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը կվերցնի՞ մանդատը՝ արդարադատությունից խուսափելու համար․ «Հայաստան» դաշինքում միակարծիք չեն մանդատներ վերցնելու հարցում

Քոչարյանը կվերցնի՞ մանդատը՝ արդարադատությունից խուսափելու համար․ «Հայաստան» դաշինքում միակարծիք չեն մանդատներ վերցնելու հարցում
Քաղաքականություն
19:04, 29 июнь 2021
Մամուլում արդեն տեղեկություն կա, որ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում միակարծիք չեն մանդատներ վերցնելու հարցում․ մասնավորապես մանդատներ վերցնելուն կողմ են ՀՅԴ-ն ու Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը», իսկ դեմ է քոչարյանական համարվող կորիզը՝ ի դեմս Քոչարյանի համար աշխատած «Այլընտրանքային նախագծերի» անդամների, որոշ նախկին լրագրողների և այլոց։ 

«Հայաստան» դաշինքի ցուցակի 31-րդ համարում ընդգրկված Գեղամ Նազարյանն իր՝ «Մենք ընտրեցինք պարտությունը» հոդվածում անդրադարձել է մանդատներ վերցնելու թեմային և անգամ հեգնել․ «Պարզվում է, որ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը՝ մանդատի համար էր»։

«Հայաստան» դաշինքի շտաբի համակարգող Արամ Վարդևանյանին հարց ուղղեցինք, թե արդյո՞ք մանդատները վերցնելու հարցում տարակարծություն կա «Հայաստան» դաշինքի անդամների մեջ, սակայն փաստաբանը չպատասխանեց այդ հարցին՝ հայտարարելով, որ մանդատները վերցնելու հարցը կբարձրաձայնեն ՍԴ որոշումից հետո։   

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ ըստ որի մինչև հուլիսի 2-ը ՍԴ կդիմեն վիճարկելու ընտրության արդյունքները։ Նշենք, որ այդ արդյունքներով՝ Քոչարյանի դաշինքը սստացել է ԱԺ 29 մանդատ։ 

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո կխոսենք մանդատները վերցնելու հարցի մասին։ Սա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն է»,- Civic.am-ի հետ զրույցում պնդեց դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն ու հավելեց․ «ՍԴ որոշումը կարող է վերաբերել 3 ավտոնոմ իրավիճակի՝ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում, ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում և երկրորդ փուլի նշանակում, կամ մանդատների բաշխման վերանայում»։ 

Նշենք, որ թեպետ «Հայաստան» դաշինքը չունի հստակ դիրքորոշում պատգամավորական մանդատները վերցնելու հարցում և սպասելու է ՍԴ որոշմանը, այդուհանդերձ դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանի և դաշինքի ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված Արմեն Գևորգյանի դեմ քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հերթական դատական նիստի ժամանակ բարձարցրեց այն հարցը, որ դատական գործի ընթացքում անձեռնմխելիության հաղթահարման խնդիր կարող է առաջանալ։ Սա այն դեպքում, երբ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է չվերցնի մանդատը։  

Արամ Վարդևանյանից հետարքրվեցինք՝ կա՞ սահմանված ժամկետ, մինչև երբ կարող են չեզոքություն պահել և չհստակեցնել մանդատները վերցնելու հարցը։ 

«Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվում է 15 օրյա ժամկետում, դրանից հետո նոր սկսվում է մանդատները վերցնելու փուլը»,-ի պատասխան մեր հարցի՝ ընդգծեց փաստաբանը։