Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն՝ Սարի թաղի գործով ՄԻԵԴ որոշման ու քաղաքական պատվեր կատարելու մասին

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն՝ Սարի թաղի գործով ՄԻԵԴ որոշման ու քաղաքական պատվեր կատարելու մասին
Քաղաքականություն / Իրավունք
13:52, 09 февраль 2021


Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանն այսօր խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վստահեցրեց․ «Ես պատասխանատու կերպով բացառում եմ իմ կողմից կայացված որևէ դատական ակտով քաղաքական գործոնը»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս կայացրել է որոշում, որով ապօրինի է ճանաչել Սարի թաղի դեպքերի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանի կալանավորումը։ Հովսեփ Խուրշուդյանը նամակ է փոխանցել Ազգային ժողովին՝  նշելով․ «Տեղեկացնում եմ, որ տիկին Թադևոսյանը մեղսակից  է Եվրադատարանի կողմից օրերս ապօրինի ճանաչված Սարի թաղի գործով իմ և իմ պայքարակիցների կալանավորման որոշումներն ուժի մեջ թողնելու հարցում։ Եվ, ինչպես կարող եմ կռահել, նախկին իշխանությունների քաղաքական պատվերով շատ այլ ապօրինի որոշումներ դակելու հարցում»։

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց Թադևոսյանին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՄԻԵԴ որոշումը և քաղաքական պատվեր կատարելու՝ իրեն ուղղված մեղադրանքը։

Թադևոսյանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ը 2020 թվականի դեկտեմբերին հաստատել է ՀՀ միակողմանի հայտարարությունը։ «Ի՞նչ է դա ենթադրում՝ ՀՀ կառավարությունն ընդունել է տվյալ գործով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման փաստը։ Եվ ՄԻԵԴ-ն իր վճռով հաստատել է ՀՀ միակողմանի հայտարարությունը»,- բացատրեց  նա։

Թեկնածուն ասաց, որ չի բացառվում՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա հետագայում վճռաբեկ բողոք ներկայացվի՝ նախկինում կայացված դատական ակտը վերանայելու խնդրանքով։

«Այո, ես հանդիսացել եմ պալատի դատավոր, խոսքը վերաբերում է ՄԻԵԴ կողմից Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով ՀՀ կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու հանգամանքին։ Ես բացառում եմ քաղաքական գործոնն իմ կողմից կայացված որևէ դատական ակտով։ Ուզում եմ, որ հաշվի առնեք, որ կալանքի վերաբերյալ փոխվել են նաև իրավական մոտեցումները, օրենսդրական կարգավորումները։ Դա այն ոլորտն է, որտեղ, այո, ժամանակին օրենսդրական կարգավորումը եղել է խիստ խոցելի, քանի որ կալանավորումը չուներ այլընտրանքային այնպիսի արդյունավետ խափանման միջոցներ, որոնք կարող էին ծառայել այն նպատակին, որին ծառայում են մյուս խափանման միջոցները»,- վստահեցրեց Թադևոսյանը՝ ընդունելով սեփական պատասխանատվությունը կատարվածի համար։