Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է․ Փաշինյանի խիստ նկատողությունը՝ պաշտոնյաներին

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է․ Փաշինյանի խիստ նկատողությունը՝ պաշտոնյաներին
Քաղաքականություն
13:54, 01 июль 2021
Այսօր, կառավարության նիստի ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայացրեց Ծանրամարտի ֆեդերացիայի համար ծանրաձողեր ձեռք բերելու համար գումար հատկացնելու նախագիծը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծի հետ կապված մի քանի հարցեր են ծագել։ 

Նա նշեց, որ առաջին հարցը ծագել էր, երբ որ ինքը հանդիպում էր ծանրամարտի հավաքականի կազմի հետ՝ մարզիների և մարզիչների հետ, և իր համար անակնկալ կերպով իմացել էր, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն՝ պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով։

«Սա առաջին հարցն էր, որը մենք ստանձնեցինք լուծել։ Եվ մեր այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին։ Այսօր հուլիսի 1-ն է և եթե ես ճիշտ եմ հիշում օլիմպիադան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսին, առաջին հարցը դա է, ինչո՞ւ է  երկու ամիս անց նոր այս որոշումը  կայացվում և հետևաբար  ծանրաձողերը ե՞րբ կլինեն  տեղում»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Տալով նաև երկրորդ հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը խոստացել էր, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ հիմա որոշման նախագծից իմանում է, որ ընդունում են որոշում՝ 7 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին։

«Սա ոչ թե հարց է, այլ ես ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհանրապես  նման գործելակերպը  ես չեմ հանդուրժելու։ Եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը կառավարությունը, նախարությունը, աշխատակազմը դրա համար են, որ գնան այդ հարցի լուծումները գտնեն։ Երկրորդը, ես որքան հասկանում եմ այդ ծանրաձողերը օլիմիպիադայից հետո են գալու հասնեն ՀՀ։

Հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողը օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ, արագ այդ որոշման նախագիծը վերաձևակերպում եք, գրավոր ընթացակարգով  ընդունում եք և համապատասխանեցնում եք իմ հանձնարարակններին։ Եվ պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ որ մենք այսպիսի իրավիճակի ենք բախվում և  սա վերաբերվում է մեր բոլոր  գերատեսչություններին և պաշտոնյաներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ասաց, որ  րավոր ընթացակարգի կարիք չկա, հենց այս որոշումը արագ կվերախմբագրենն ու ստորագրման կտան ստորագրված տարբերակով։  

Վահրամ Դումանյանն էլ փորձեց պարզաբանել՝ նշելով, որ կարծիք չձևավորվի, թե Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել, պարզապես  հանձնարարականը սպորստմենների հետ հանդիպելուց հետո ապրիլի 30-ին է աշխատակազմից ստացվել։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Դումանյանն ու իր տեղակալը և ուրիշ պաշտոնյաներ ներկա են եղել։

«Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ որ դա հնչում է։ Յուրաքանչյուր պաշոտնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարկանը անհետաձգելի գործ է, եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է՝ անկախ նրանից աշխատակազմից կգնա չի գնա, երեք օր էնտեղ, երեք օր էնտեղ, հետո երեք օր հետո, հետո երեք օր առաջ, հետո չորս օր արձակուրդ, հետո հինգ օր վատ եղանակ , հետո չորս օր նախընտրական քարոզարշավ ու լինում է արդյունքում այն ինչ լինում է։ Ես հանձնարարեցի իրագործել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։