Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի․ Ստանիսլավ Զաս

Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի․ Ստանիսլավ Զաս
Քաղաքականություն
12:15, 03 июль 2021
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում: «Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Չի վատանում՝ սա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ այն բանից հետո, երբ մայիսին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ, կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես շփվել եմ և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկում էինք ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում», – հստակեցրել է նա։

Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետևում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։