Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիշեցում՝ Շարմազանովին․ Երևանում խաղաղ ցուցարարների վրա կրակ, այն էլ՝ դիմահար կրակոցի տեսքով, արձակվել է 2008 թ. Մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն էր

Հիշեցում՝ Շարմազանովին․ Երևանում խաղաղ ցուցարարների վրա կրակ, այն էլ՝ դիմահար կրակոցի տեսքով, արձակվել է 2008 թ. Մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն էր
Հայաստան
20:04, 17 сентябрь 2023
ՀՀԿ ագիտպրոպի կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, թքած ունենալով ընտրությունների օրը քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ զբաղվելու արգելքի վրա, ֆեյսբուքյան իր էջում «հականիկոլական» հերթական դոզան է բաց թողել ու, դիմելով «հարգելի հայրենակիցներ ջան»-ին, շարադրել դարդերը. «Նիկոլն ընտրությունով չի եկել, որ ընտրությունով հեռացվի. ոնց եկել է, տենց էլ հեռացվելու է: Սրանց բղավոցները, հարցազրույցները, 50 պլյուս 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթև տարեք։ Ընտրությունը հարց չի լուծելու։ Նիկոլը ընտրությունով չի եկել, որ ընտրության արդյունքում հեռանա։ Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։ Նա դարձել է վարչապետ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու ու փողոցային պայքարի արդյունքում։ Հետևաբար նույն ձև էլ պետք է հեռացվի»։

Պարոն Շարմազանովի համար, փաստորեն, «Դիմադրություն» շարժման, որին մասնակցում էր նաև ինքը, կատարյալ  ձախողումը խրատ չի եղել, սիրտը նորից է հանրահավաք ուզում, այն էլ՝ բազմահազարանոց։ Ուզում է Նիկոլին, որը, փաստորեն, «խաբել է ժողովրդին ու եկել իշխանության», ժողովրդի ձեռամբ հեռացնել՝ ժողովրդին դիտարկելով ոչ թե իշխանության աղբյուր, որը պետք է իր կամքով տնօրինի այն, այլ գործիք՝ Նիկոլից ազատվելու համար։ Կրկնում ենք՝ գործիք, ոչ ավելին։  

Կարկառուն ՀՀԿ-ականին հիշեցնենք, որ  2018-ին Փաշինյանը չէր կարող ոտքի  հանել ժողովրդին, առավել ևս՝ խաբել,  եթե այդ ժողովուրդը Սերժ Սարգսյանից ու նրա նախորդից մինչև կոկորդը կուշտ չլիներ, եթե չասենք՝ զզված։  Ինչո՞ւ, նաև ու հատկապես այն պատճառով, որ ընտրությունը, որպես սահմանադրական միջոցառում, Շարմազանովի կուսակցական պատրոնը  խեղաթյուրել էր ու  վերածել   ճարպիկ ձեռնածության՝ «ինչքան ուզում, էդքան էլ խփում» էր, ու էդ խփելու արդյունքում էլ նույն Շարմազանովն ու նրա կուսակից ընկերները դառնում էին պատգամավոր, նախարար, քաղաքապետ, վարչության պետ, գյուղապետ  ու մնացած բոլոր տիպի ու աստիճանի պետեր։  Հենց այդ պատճառով էր, որ  Շարզամանովը ստիպված էր Սերժ Սարգսյանի կառավարման պիկին անկեղծության պոռթկում ունենալ՝ դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, նույնն է թե՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմացով։ Արդեն 5 տարի է,  փաստորեն, Շարմազանովն իր տեղը չի գտնում այն իրողության պատճառով, որ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, վերջինս է  «ինչքան ուզում՝ էդքան  խփում» բոլոր մակարդակի ընտրություններում։   

Եվ  2018-ին էլ «ժողովրդին խաբած ու իշխանության եկած» Նիկոլ Փաշինյանը  չէր կարող  իշխանության գալ, եթե թիկունքում չունենար իր ընտրությունը տարիներով կեղծելու հետևանքով փողոց դուրս եկած ժողովրդի ցասումը, և նույն ՀՀԿ-ն ու խորհրդարանական մյուս խմբակցություններն էլ ստիպված չլինեին ենթարկվել այդ արդարացի, լեգիտիմ ցասմանը՝  կողմ քվեարկելով Փաշինյանի  վարչապետ դառնալուն։  Ի դեպ, հավաստի աղբյուրներն ասում են, որ նեղ շրջապատում Շարմազանվը առիթ է ունեցել ևս մեկ անկեղծության պոռթկում ունենալու, թե՝ «հալալ ա Նիկոլին, ժողովրդին համոզեց, իշխանափոխություն արեց, մեզ էլ կրեց»։ 

Մի կարևոր դետալ էլ. իզուր չէ, որ պարոն Շարմազանովը հեգնում ու կասածի տակ է դնում ընտրությունը որպես դեմոկրատական, սահմանադրական մեխանիզմով իշխանության փոփոխության միջոց։ Որովհետև նրա կուսղեկ Սերժ Սարգսյանն էլ, երբ «ղարաբաղյան կլան» մկրտված խմբակի միջոցով 1998-ին եկավ իշխանության, ընտրությունների միջոցով չէ, որ եկավ, այլ՝ պալատական խարդավանքի՝ հեղաշրջման։ Եվ 1999-ին էլ, երբ ԱԱԾ-ն էր ղեկավարում,  ընտրությունների միջոցով չէ, որ ամրապնդեց իր ու կլանի իշխանությունը, այլ՝ «Հոկտեմբերի 27»-ի։ Այնպես որ, ընտրությունները իրապես խորթ ու օրգանապես անհամատեղելի են ՀՀԿ-ի և  նրա տարբեր սերնդի կուսակիցների արժեհամակարգին։ ՀՀԿ-ն, ինչպես կուսակցության մեկ այլ կարկառուն էր 2018-ի հեղափոխությունից հետո անկեղծացել՝ «պալատական իրավագետ» Դավիթ Հարությունյանը, տարիներ շարունակ մոնոպոլացրել էր քաղաքական իշխանությունը, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ 2018-ը։  

Հընթացս նշենք, որ  ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ պատերազմի տարելիցի օրը կազմակերպված  ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հերթական «համոզիչ» հաղթանակը տարավ, հաղթանակ՝ ժողովրդի կամքի նկատմամբ։ Իսկ այդ ընտրություններից ժամանակ անց տեղի ունեցած Երևանի ՏԻՄ ընտրություններում Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի աթոռը ևս 5 տարով վայելելու ուղեգիր ստացավ Սերժ Սարգսյանի կողմից։ Մարգարյանին քաղաքապետ վերակարգելու նախընտրական շտաբի պետն էլ, ի դեպ, նույն  Շարմազանովն էր։ 

Ի դեպ, իր վերոհիշյալ ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնաթող պատգամավորը մի ցնցող դիտարկում էլ է արել, թե.  «Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։ 

Գլուխը պատով կտա։ 100 հազար մարդ հավաքվի Երևանի կենտրոնում, տեսնեմ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։ Խելոք հեռանալու է ու փախնի...»։ Պարոն Շարմազանովը ակնհայտորեն կոգնիտիվ դիսոնանսի մեջ է հայտնվել. հորինում է բաներ, հետո հրապարակավ սկսում դատապարտել սեփական արտադրության հորինվածքը, տվյալ դեպքում՝ կրակելու դրվագը։ Սերժ Սարգսյանի երբեմնի խորհրդարանականը տեսնես տեղյա՞կ է, որ ընդամենը մի քանի օր առաջ իր կուսակից ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանն էր խոսում ինչ-որ խորհրդավոր տեղերից իրենց ուղղվելիք կանչերի, ըստ այդմ՝ որոշակի գործողությունների դիմելու  մասին, սպառնում, թե՝ եթե կարիքը լինի, Երևանում նաև արյամբ է իշխանությունը փոխվելու, թեկուզ՝ իր։ Փաստորեն, իշխանությանը՝ «եթե չգնաք, արյուն ենք  թափելու»  սպառնալիք  հնչեցրած ՀՀԿ-ականները որոշել են իրենց սպառնալիքները վերագրել նրան, ում սպառնացել են։ Սերժ Սարգսյանի «շկոլան» աչք է ծակում, ինչ խոսք։   Հիշեցնենք Մամիջանյանի՝ ԱԺ ամբիոնից ունեցած  ելույթից մի հատված. «Անարյունության մասին ձեր ելույթները կպատմեք էջմիածինցի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքին, ով դանակահարվեց 2018 թվականի ապրիլին ձեր կողմնակիցների կողմից, կամ կպատմեք 2022 թվականի հունիսին մեր ընկերոջը, ում անունը չեմ նշում, ով գլխի ծանր վնասվածք ստացավ, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ՝ կրակ բացելով խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Կասկած անգամ չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման, բայց ես նաև կասկած ունեմ՝ այդ հրամանը կատարող կլինի՞, թե՞ ոչ, ես գիտեմ, որ չի լինի»։ 

Մամիջանյանին ու «ալիքները խառնած» նրա մյուս  գործընկերոջը հիշեցնենք, որ Երևանւմ խաղաղ ցուցարարների վրա կրակ, այն էլ՝ դիմահար կրակոցի տեսքով, բացվել է 2008 թվականի Մարտի 1-2-ի արյունալի դեպքերի ժամանակ, ինչի հետևանքով Երևանի կենտրոնում 10 մարդ է սպանվել, մասնավորապես «Չերյոմուխա»-ի հետևանքով՝ 3 մարդ։ Այդ ողբերգության օրերին,  որքան գիտենք,  ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն էր։

Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել ՏԻՄ այսօրվա ընտրություններին, քանի որ նախընտրական սոցհարցումներ իրականացրած տեղական հայտնի ընկերության տվյալներով՝ նժդեհյան գաղափարախոսության կրող այս կուսակցության ռեյտինգը ձգտում էր «մինուս անսահմանության», այսինքն՝ հանրային ավելի քիչ վստահության տոկոս ուներ, քան... երեկ ձևավորված «Հանրայն ձայն» կուսակցությունը։

Հ. Մանուկյան