Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Սարգսյանի տարբերակը. Սերժ Սարգսյա՞նն է հիշեցնում, թե՞ հիշեցնում են նրան. «Ժամանակ»

Տիգրան Սարգսյանի տարբերակը. Սերժ Սարգսյա՞նն է հիշեցնում, թե՞ հիշեցնում են նրան. «Ժամանակ»
Հայաստան
10:31, 24 февраль 2021
«Ժամանակ» թերթը գրում է. 

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սերժ Սարգսյանը ունի վարչապետի իր թեկնածուն և համաձայն չէ այսպես ասած 17-ի ձևաչափի այլ թեկնածուների հետ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանի տարբերակի: Ըստ հրապարակված տեղեկության՝ Սերժ Սարգսյանն ուզում է Հայաստան վերադարձնել փոխնախագահ Տիգրան Սարգսյանին, որն այժմ Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահն է: Որքանով է տեղեկությունը ստույգ արտահայտում արմատական ընդդիմության ձևաչափում եղած իրադրությունը, բավականին դժվար է ասել, առավել ևս դժվար է պատկերացնել, որ Տիգրան Սարգսյանը կարող է համաձայնել Եվրասիական պաշտոնյայի զգալիորեն հարմարավետ կարգավիճակը Հայաստանի ներքաղաքական բարդ իրավիճակի հետ փոխելուն: Մյուս կողմից, սակայն, ինքնին ուշագրավ է տարբերակի հանրայնացումը, եթե անգամ այն այդքան էլ կապ չունի արմատական ընդդիմության շրջանակում առկա իրողությունների հետ: Բանն այն է, որ հանրայնացումը իր մեջ պարունակում է կամա, թե ակամա որոշակի ակնարկ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում առկա իրողությունների հետ, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ:

Բանն այն է, որ 2008 թվականից հետո նա, այսպես ասած, անսպասելի վարչապետ էր, քանի որ մամուլը վարչապետի հիմնական թեկնածու, գրեթե միակ թեկնածու դիտում էր Կարեն Կարապետյանին: Ոչ «Գազպրոմի», այլ «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանին: Անկուսակցական Տիգրան Սարգսյանի վարչապետությունը անսպասելի էր անգամ Սերժ Սարգսյանի կուսակցության՝ ՀՀԿ համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ իմաստով, իհարկե, արժանացավ խորհրդարանի հավանությանը, սակայն միևնույն ժամանակ հայտնվեց կառավարող ամբողջ համակարգի թիրախում՝ որոշ շերտերի համար բացահայտ, որոշ շերտերի համար՝ քողարկված: Իսկ «գագաթնակետը» թերևս այն էր, որ Տիգրան Սարգսյանը «սպեկուլյատիվ» որակեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ եղած երկնիշ տնտեսական աճը՝ որի ժամանակ ԿԲ նախագահ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ բացահայտ թիրախավորեց Տիգրան Սարգսյանին: Տիգրան Սարգսյանին դեմ կոշտ արշավ էր ծավալել նաև ԲՀԿ-ն, որի գլխավորությամբ էլ ոչիշխանական ուժերի քառյակը հայտարարեց վարչապետի հրաժարականի պահանջով շուրջօրյա ակցիաներ սկսելու մտադրության մասին, ըստ էության հասնելով նրան, որ պաշտոնանկ արվի Տիգրան Սարգսյանն ու նրա փոխարեն Սերժ Սարգսյանը նշանակի «բոլորի համար ընդունելի վարչապետ» Հովիկ Աբրահամյանին: Դա 2014 թվականի ապրիլ-մայիսն էր: Ներկայումս Տիգրան Սարգսյանի տարբերակի շոշափումը, անկասկած, առնվազն «թարմացնում» է այդ շրջանի ներհամակարգային հարաբերությունները ներկայումս արմատական ընդդիմության ձևաչափում, որտեղ հավաքված են գործնականում բոլոր այն ուժերը, որոնք հենց այդ շրջանում բավականին կոշտ դիմակայության մեջ էին:

Ընդ որում, այդ դիմակայությունը պարունակում էր ոչ միայն զուտ քաղաքական նպատակների կամ հավակնությունների տարբերություն, այլ նաև տնտեսական շահերի բախում, որը գործնականում ինքնին շատ ավելի խոր և ուժեղ երևույթ էր և պահպանվեց ու անգամ ավելի խորացավ Սարգսյանի նախագահության ամբողջ շրջանում: Ըստ էության պետք է արձանագրել, որ ներկայիս արմատական ընդդիմությունն ավելի շուտ տնտեսական խոշոր խմբերի, քան քաղաքական միավորների ձևաչափ է: