Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունեցին երբեք չէր ընտրի Քոչարյանին․ նա չպետք է պատգամավոր դառնա իր հանցագործ թիմով, իսկ կաշառքի գործով ինձ նույնիսկ չեն ծանուցում դատի մասին․ Քոչարյանին 3 մլն դոլար կաշառք տված Սիլվա Համբարձումյան

Սյունեցին երբեք չէր ընտրի Քոչարյանին․ նա չպետք է պատգամավոր դառնա իր հանցագործ թիմով, իսկ կաշառքի գործով ինձ նույնիսկ չեն ծանուցում դատի մասին․ Քոչարյանին 3 մլն դոլար կաշառք տված Սիլվա Համբարձումյան
Հայաստան
17:51, 14 июль 2021
Civic.am-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։ Հենց նրա ցուցմունքով է 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին։ 
 
-Տիկին Համբարձումյան, ընտրություններից հետո Սյունիքի տարբեր համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, որոշները կալանավորված են։ Կալանավորվեց նաև Մեղրիի համայնքապետը։ Նրանք, որոշ քաղաքական ուժեր այդ գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում, իսկ ձերբակալվածներին ու կալանավորվածներին՝ քաղաքական բանտարկյալ։ Դուք որպես սյունեցի ի՞նչ դիտարկումներ ունեք այս գործընթացի հետ կապված։

-Ես չեմ գտնում, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ Նրանք բոլորն էլ իրենց բիզնեսներն ունեն, բիզնեսներում վստահաբար խնդիրներ ունեն։ Բացի դա, իրենք պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Նրանցից բացի, պետք է պատասխան տան նաև Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելության ժամանակ իրենց այդպես պահածները՝ հայհոյողները։ Ես էլ եմ Սյունիքից՝ Մեղրիից, ու հենց ընտրություններն ապացուցեցին, որ սյունեցիները ոչ մի կապ չունեին այդ մասսայի հետ, այդ հայհոյողները Սյունիքի կարծիքը չէին։ Քոչարյանը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում։ 

-Այո, իրենց հույսը թերևս Սյունիքին էր, ինչո՞ւ իրենք պարտվեցին հենց իրենց մարզում։

-Որովհետև սյունեցիները կող ունեն։ Սյունեցիներին չորկող են ասում։ Սյունեցին շատ լավ գիտակցում է ամեն ինչ, թացը չորից տարբերում է, հիշում է, թե Քոչարյանի օրոք ինչ է կատարվել Սյունիքում, Մեղրիում։ Սյունեցին կյանքում նրան չէր ընտրի։ Քաջարանի գործարանը վերցրել էր հերիք չէր, չէր էլ կարողանում ապահովել մարդկանց բարեկեցիկ կյանքը։ Ես հո դա լավ գիտեմ։ Իրենք աշխատողներին մշտապես պարտադրել են՝ իրենց այս կամ այն նպատակի համար։ Այս ընտրություններին էլ աշխատողներին ստիպում էին հանրահավաքների գնալ։ Ավտոբուսներով Քաջարանից տանում էին Մեղրի, Մեղրիից Կապան։ Հենց այդ գործարանի աշխատողներն էին վարչապետի հետևից հայհոյանքներ տվողները։ Մեղրեցին կյանքում նման հայհոյանք տվող չի։ Ես մի մեղրեցուց նման բան չեմ լսել։ Ինձ այս ընտրություններում միայն մի բան զարմացրեց, որ Մխիթար Զաքարյանը մտավ էդ թիմի մեջ, ի՞նչը իրեն դրդեց։ Ես շատ եմ ուզում հանդիպել իրեն ու այդ հարցը տալ։ Մեղրիում իրեն հարգում էին, բայց նա ընտրեց վարկաբեկվելու ճանապարհը։ Ինքն իր համայնքում ավելի լավ էր աշխատում, քան եթե դառնար պատգամավոր։ Իրեն հարգում էին, բայց ինքը նախընտրեց իր վարկաբեկման ճանապարհը։ Ընտրությունների արդյունքում իրենք հասկացան, որ իր համայնքի բնակիչները անգամ իրենց չեն հարգում։ Ավելի լավ էր գետինը մտնեին, քան պարտվեին։ Պետք չէր մասնակից դառնալ վարչապետի այցի այդ հայհոյախառը միջոցառմանը։

-Վահե Հակոբյա՞նն էր կանգնած դրա հետևում։

- Վահե Հակոբյանը այնքան մեծամիտ մարդ է, որ իրենից զատ ոչ մեկին չի տեսնում։ Հենց նրան պետք է առաջինը կալանավորեին, ոչ թե մյուսներին։ Այդ ամենի պարագլուխն ինքն էր։ Առաջինը Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին պետք է կալանավորեին։ Ո՞վ է իշխան Սաղաթելյանը, որ մի բան էլ մեզ սպառնա։ Ասում է՝ փողոցային պայքար ենք սկսելու։ Նա փողոցային է ու փողոցում էլ պետք է մնա։ Ազգային ժողովը նրա տեղը չէ։ Պետք է թույլ չտալ, որ նա մտնի Ազգային ժողով։ Հայաստան դաշինքը հանցագործներից է բաղկացած, բոլորի վրա մեղադրանք կա։ Իրենց թվում է, որ գնացին Ազգային ժողով, դատախազը չի կարող մտնել ԱԺ ու անձեռմխելիությունից զրկել իրենց։

Կարծում եք՝ պատգամավոր դառնալու իրենց միակ դրդապատճառը պատգամավորական անձեռմխելիությո՞ւն ստանալն է։

- Այո։ Իրենք մենակ դա են ուզում։ Մտածում են՝ դարձան պատգամավոր վերջ, քրեական գործերը կկարճվեն։ Բայց գլխավոր դատախազը ցանկացածի համար կարող է մտնել Ազգային ժողով, միջնորդել՝ տալ համաձայնություն նրանց զրկելու անձեռմխելիությունից։ Խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ էլ նրանք կզրկվեն դրանից։ Այնպես որ, Ազգային ժողովն էլ այդ հանցագործների համար ապահով վայր չէ։ Իշխանությունը պետք է զբաղվի դրանց բոլորով, զբաղվի Իշխան Սաղաթելյանով։ Նրանք ԱԺ-ում չպետք է հայտնվեն։ Մենք դեռ Հոկտեմբերի 27-ը չենք մոռացել։ Նրանց կողմից միշտ վտանգ կա, բայց մենք, ժողովուրդը կանգնած է վարչապետի կողքին ու թույլ չի տա ոչ մի բան։ Նրանք  չեն կարող Նիկոլի գլուխը ուտելով՝ նորից իշխանության գալ։ Դա բացառված է։ Նման մի փորձն անգամ իրենց վրա շատ թանկ կնստի։ 

- Ռոբերտ Քոչարյանը նույնպես, կարծես թե, ցանկանում է պատգամավոր դառնալ Ձեր վերաբերյալ քրեական գործից, պատասխանատվությունից ազատվելու համար։

- Քոչարյանը չպետք է պատգամավոր դառնա։ Հիմա էլ պետք է դիմել ԿԸՀ ու պահանջել զրկել նրան անձեռմխելիությունից։ Աննա Դանիբեկյանը, չգիտես ինչու, մեկ ամիս առաջ սկսել էր անհանգստանալ Քոչարյանի համար։ Կարծում եմ, եթե Աննա Դանիբեկյանին զրկեն դատավոր կոչվելու իրավունքից, այս գործով արդարադատություն կլինի։ Աննա Դանիբեկյանը կաշառված է։

-Դուք նրա կողմից դիտավորություն, կողմնակալությո՞ւն եք տեսնում։

- Իհարկե։ Այլապես նա մեկ ամսով դատավարությունը չէր հետաձգի, մինչև Քոչարյանի անձեռմխելիության հարցը լուծվեր։ Դանիբեկյանը չպետք է դատավոր կոչվի։ Ինչքան ժամանակ է դատաքննություն է գնում, իսկ ես ծանուցում չեմ ստանում։ Դանիբեկյանը դատավոր կոչվելու իրավունք չունի։ Այո, թող նստի իր տանը ու իր կատուներին պահի։ 

Արփի Հարութունյան