Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար, նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է պատրաստ համագործակցել․ Չեխիայի դեսպան. Տեսանյութ

ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար, նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է պատրաստ համագործակցել․ Չեխիայի դեսպան. Տեսանյութ
Հայաստան
18:08, 14 июль 2021
ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար։ Նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է պատրաստ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Այսօր «ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ համագործակցություն ՆԱՏՕ-ի 2030-ի շրջանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինը։ Դեսպանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեսնում է համագործակցություն Հայաստանի հետ նաև Զինված ուժերի ոլորտում։

Սեմինարը կազմակերպել էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժինը։ Զեկույցներով հանդես եկան Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինը և Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ Չեխիան և Լեհաստանը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը սեմինարի բացմանը նշեց, որ նպատակը՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի մասին հասարակության իրազեկվածության բարձրացումն է հենց ՆԱՏՕ անդամ պետությունների ներկայացմամբ։ Ստեփան Գրիգորյանը ընդգծեց նաև, որ Չեխիան կոնտակտային պետություն է Հայաստանի համար՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու առումով։  

Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինն անդրադառնալով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին՝ հիշատակեց, որ իրենք գոհ չեն այն հանգամանքից, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես հիմնական թշնամի։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է ոչ ժողովրդավարական արժեքներին և ագրեսիվ է ՆԱՏՕ անդամ պետությունների նկատմամբ։ Սակայն, չնայած դրան ՆԱՏՕ-ն ձգտում է համագործակցության եզրեր գտնել Ռուսատանի հետ, այն ոլորտներում որում կարող են համագործակցել, սակայն դեռևս կառուցողական պատասխան չեն ստացել։  

«Թուրքիան կարևոր պետություն է ՆԱՏՕ-ի համար»,-ասաց Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինը խոսելով ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված ահաբեկչության դեմ պայքարից։ Դեսպանը պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվում են քայլեր՝ հավաքագրելու փաստեր Թուրքիայի կողմից արցախյան 44-օրյա պատերազմում ահաբեկիչներ ներգրավելու հարցում՝ նշեց, որ ահաբեկիչներ ներգրավվելու վերաբերյալ 100 տոկոս փաստեր չկան, և հիշատակեց, որ այնուամենայնիվ ՆԱՏՕ անդամ որոշ պետություններ դատապարտել են այդ հանգամանքը։ 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բավական մեծ պոտենցիալ ունի, որը սակայն չի կիրառվում։ Քաղաքագետի տեսանկյունով հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է․ «Եթե հնարավոր լինի գտնել մեխանիզմներ մնալով ՀԱՊԿ-ի կազմում համագործակցությունը զարգացնել ՆԱՏՕ-ի հետ՝ կարծում եմ Հայաստանը դրանից միայն կշահի։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ անվտանգության ապահովման համատեքստում Հայաստանը կարիք ունի լուրջ դիվերսիկացման»։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում