Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը»․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար․ Ա1+

«Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը»․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար․ Ա1+
Հայաստան
13:51, 24 февраль 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները անհնազանդության ակցիա էին իրականացնում բուհերի մոտ և կոչ անելով բոլոր ուսանողներին և երիտասարդներին միանալ շարժմանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին հասնելով՝ նրանք փորձեցին ներս մտնել, սակայն դարպասները փակ էին։ Որոշ մասնակիցներ բարձրացան դարպասի վրա և այդպես ներս մտան։ Մնացածին ոստիկանական ուժերը թույլ չտվեցին բացել դարպասը և ներս գնալ։ Ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց: Երիտասարդները վանկարկում էին, որ իրենք իրավունք ունեն մտնելու համալսարան և ոստիկաններն իրավունք չունեն իրենց արգելելու։

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ դարպասները փակելու որոշումը համալսարանի ղեկավարությանն է, մասնակիցներն էլ ասացին, որ հետ չեն գնալու և եթե որոշելու են չբացել դարպասները, թող անձամբ ղեկավարությունը գա, բացատրի, թե ինչո՞ւ երիտասարդները չեն կարող մտնել բուհի բակ։

Ի վերջո, ակցիայի մասնակիցները կարողացան համալսարանի մյուս մուտքից մտնել ներս։ Նրանք հավաքվեցին բուհի բակում և շարունակեցին իրենց կոչերը, որ ուսանողներն ու դասախոսները միանան իրենց։ Այնուհետև նրանք մտան շենք, շրջեցին միջանցքներով ու լսարաններով, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում։ Նաև մասնակիցները հասան համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի աշխատասենյակ, սակայն նա այնտեղ չէր։

Ակցիայի մասնակիցներն արդեն ցանկանում էին դուրս գալ շենքից, երբ համալսարանի աշխատակիցներից մեկը վանկարկեց՝ «Նիկո՛լ, վարչապետ»։ Մասնակիցները ցանկացան մուտք գործել տվյալ աշխատասենյակ, սակայն դուռը միանգամից փակվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնակիցներին հաջողվել էր նաև մտնել Երևանի պետական համալսարան՝ առանց խոչընդոտների՝ կրկին անցնելով տարբեր ֆակուլտետներով և լսարաններով։ ԵՊՀ-ում նրանք միջանցքում հանդիպեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին։

Նրանք հարց ուղղեցին ռեկտորին՝ որն է նրա դիրքորոշումը ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ, Գեղամ Գևորգյանը պատասխանեց․  «Ես իմ կարծիքը հայտնել եմ նոյեմբերի 20-ին՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը։ Հիմա դուք տապալում եք»։