Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը պետության ուշադրությունն է հրավիրել ՌԴ պետդումայի պատգամավորի կողմից արված հակահայկական հայտարարությունների վրա»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ բողոքի նոտայի մասին

«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը պետության ուշադրությունն է հրավիրել ՌԴ պետդումայի պատգամավորի կողմից արված հակահայկական հայտարարությունների վրա»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ բողոքի նոտայի մասին
Հայաստան
14:43, 22 июль 2021
Հուլիսի 20-ին, ռուսական Infoteka24.ru-ն, հղում անելով իր հավաստի աղբյուրներին լուր տարածեց, որ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը։

«Ըստ Infoteka24-ի հավաստի աղբյուրների՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ռուս քաղաքական գործիչների ավելի հաճախակի դարձած հակահայկական հայտարարությունների հետ», - գրել էր կայքը և ավելացրել, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների խմբակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովին։

Կալաշնիկովը նշել էր, որ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը և դիմելով հայերին, մասնավորապես, ասել էր. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և՛ հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»: 

Նա հայերին խորհուրդ է տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք», և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

«Ժամանակ առ ժամանակ Կալաշնիկովի կողմից հնչեցված հակահայկական հայտարարությունները ոչ միայն վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և ազգամիջյան թշնամանք հրահրում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը՝ կրկնելով թուրք-ադրբեջանական դաշինքի հռետորաբանությունը: Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում իր տեսակի մեջ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական միության ոգուն», - գրել էր կայքը։

Civic.am
-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը դեսպանընկալ պետության արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն է հրավիրել ՌԴ պետդումայի պատգամավորի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վրա, նշելով, որ դրանք համահունչ չեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն և բովանդակությանը։

Վովա Հակոբյան