Քաղաքացիակենտրոն
լրատվություն

10։40-ից հրադադար է, բայց ռուս զինվորներ չենք տեսել, մեր դիրքերում մեր զինվորներն են. Վերին Շորժայի համայնքապետ

10։40-ից հրադադար է, բայց ռուս զինվորներ չենք տեսել, մեր դիրքերում մեր զինվորներն են. Վերին Շորժայի համայնքապետ
Հայաստան
17:18, 28 июль 2021
Գիշերվանից մինչ առավոտ Գեղարքունիքի մարզում տևած ինտենսիվ մարտերը դադարել են առավոտյան 10։40-ից։ 

Նշենք, որ Ադրբեջանը նախահարձակ է եղել ՀՀ սահմանների՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ։

Civic.am-ը Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուս զինվորականներ կա՞ն սահմանին, սակայն համայնքապետն ընդգծեց, որ ինքը ոչ մի ռուս զինվորական էլ չի տեսել. «Ես որ իմացա՝ փոխհրաձգություն է, բարձրացա սահման։

Հիմա դիրքերից մի քիչ ներքև եմ։ 10։40-ից հրադադար է, բայց ռուս զինվորներ չենք տեսել, բանակցություններից էլ տեղյակ չենք։ Մեր դիրքերը մեր ձեռքում են՝ մեր զինվորներն են այնտեղ։ Այն մեկ դիրքն էլ, որ ժամանակավոր գրավել էին Ադրբեջանի զինծառայողները, հիմա մեր ձեռքում է»։ 

Համայնքապետի խոսքով՝ Վերին Շորժայում 120 բնակիչ կա. կրակոցների ժամանակ բնակչության մի մասն ապաստարանում է եղել, մյուսներն էլ՝ տներում։  

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով Գեղարքունիքի սահմանին ընթացող մարտերին, գրառել էր, որ ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. «Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը»:

Մենք կապ հաստատեցինք Կութ բնակավայրի ղեկավար Սիմա Չիտչյանի հետ, որն էլ տեղեկացրեց, որ իրենց բնակավայրում կրակոցներ չեն եղել. «Կութում նորմալ է եղել, կրակոցներ չեն եղել։ Ես էլ եմ կարդում, որ Կութում կրակոցներ են հնչել, բայց առավոտյան ժամը 5-ից արթուն եմ, ու ոչ մի կրակոց չի եղել։ Բնակիչներն իրենց գործին են, ճիշտ է՝ անհանգստանում են, բայց խուճապ չկա»։

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ադրբեջանական կողմը դեռևս հայտնել է երկու վիրավորի մասին։  

Նարա Մարտիրոսյան