Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Տեսանյութ

Երևանի ավագանու անդամների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։

Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ  Լևոն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակը, մասնավորապես, դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը։ 

«Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության են ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարակ աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ, որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում։ Եվ ներկայիս պայմաններում նկատվում  է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որն ըստ էության բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերոնշյալը, մինչ օրս Երևանի քաղաքապետարանը, որպես խնդրի լուծում, կիրառել է հավելավճաների բաշխումը, որը չնայած իր բյուջետային տնտեսագիտական դասակարգմանը, ըստ էության կիրառվել է, որպես աշխատավարձի հավելման գործիք։ 

Նա նաև նշեց, որ նախագծում հաշվի է առնված Երևան համայնքի միջոցների վերաբաշխման  գործոնը, մասնավորապես, նշված փոփոխության արդյունքում Երևան համայնքի բյուջեի աշխատավարձի ֆոնդը չի գերազանցում 2020 թվականի բյուջեով նախատեսված  աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի գումարը։

Լևոն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ սույն որոշման նախագծի հեղինակներն են ինքը և Արմեն Գալջյանը։