Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է և կգնի որ երկրից հնարավոր լինի. Մարուքյան

Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է և կգնի որ երկրից հնարավոր լինի. Մարուքյան
Հայաստան
17:04, 13 ноябрь 2023
Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է, և Երևանն այն կգնի որ երկրից հնարավոր լինի՝ ինքնապաշտպանության համար, արձագանքելով Բաքվից հնչած հերթական կոշտ քննադատությանը, «Ազատությանն» ասաց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բնականաբար, այս սպառազինությունները ագրեսիվ նպատակ չունեն, այդ սպառազինություններն ունեն պաշտպանական նպատակ, և դա Հայաստանի հիմնարար իրավունքն է ու այն պետք է իրացվի, այն իրացվել է, իրացվելու է և իրացվում է հենց հիմա: Հետևաբար Ադրբեջանի նման հայտարարություններն ուղղակի զարմանալի են», - ասաց Մարուքյանը:

Բաքուն շարունակում է դժգոհել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից: Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «խստորեն դատապարտում» են Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկումը:

Եվ մինչ Բաքվից Հայաստանին ու Ֆրանսիային կոչ են անում վերջ տալ տարածաշրջանում «սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը»՝ պնդելով, թե Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը հակադարձում է.- «Ադրբեջանը վերջին երկիրն է, որ կարող է որոշել, թե Ֆրանսիան ինչ շահեր ունենա տարածաշրջանում կամ իր բարեկամ պետությունների հետ, հետևաբար խոսել Ֆրանսիայի սխալ շահերի մասին, այն էլ Ադրբեջանի կողմից, ուղղակի զավեշտ է, ըստ էության»:

Այն, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներն արդեն Վրաստանով տեղափոխվել են Հայաստան, հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնել՝ հրապարակելով մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ՝ պնդելով, որ այն նկարահանվել է վրացական Փոթի նավահանգստում:

Հասե՞լ են արդյոք զրահապատ այդ մեքենաները Հայաստան և ի՞նչ ճանապարհով, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամներն այս հարցերին պատասխանել չցանկացան: Իսկ Հայաստանի ռազմական գերատեսչությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող հայտնել:

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։

Աղբյուր՝ azatutyun.am