Եկել ենք այստեղ, որ ցույց տանք մեր աջակցությունը Հանրային հեռուստաընկերությանը. ԵՀՄ գլխավոր տնօրենն առաջին անգամ այցելել է Հայաստան

Հայաստան
Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Կուրանը Հանրային հեռուստաընկերության հրավերով առաջին անգամ ժամանել է Հայաստան: Նա այսօր շրջայց է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ծանոթացել հայկական հեռուստատեսության պատմությանը, Հանրային հեռուստաընկերությունում վերջին 3 տարիներին իրականացված բարեփոխումներին, Առաջին ալիքի և Առաջինի լրատվական ալիքի տեխնիկական վերազինման աշխատանքներին և զարգացման առաջիկա ծրագրերին:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԵՀՄ գլխավոր տնօրեն Նոել Կուրանը ստորագրել են համաձայնագիր՝ Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի և ԵՀՄ ակադեմայի միջև գործակցության վերաբերյալ: Համաձայնագրով նախատեսվում է, որ ԵՀՄ ակադեմիայի մասնագետները վերապատրաստումներ կանցկացնեն և Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների, և Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ուսանողների համար:
«Սա պատմական այց է. Եվրոպական հեռարձակողների միության ոչ մի նախագահ դեռ Հայաստանում չէր եղել: Այս տեսանկյունից կարևորում ենք հնարավորինս համապարփակ տեղեկատվություն ներկայացնելը Հանրային հեռուստաընկերության մասին: Ինչ վերաբերում է համաձայնագրի կնքմանը, ապա նշեմ, որ դա մեզ համար մեծ ձեռքբերում է: Վստահ եմ՝ այն կօգնի բարձրացնել մեր աշխատակիցների և նոր սերնդի մասնագիտական որակները, ինչը կնպաստի հեռուստաարտադրանքի որակի բարձրացմանն ու եղած ռեսուրսի առավել նպատակային օգտագործմանը»,- նշել է Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
ԵՀՄ գլխավոր տնօրեն Նոել Կուրանի խոսքով, Հանրայինի նորարարությունները, նոր տաղավարներն ու թվային գործընթացներն իրեն հիացրել են. «Եկել ենք այստեղ, որ ցույց տանք մեր աջակցությունը Հանրային հեռուստաընկերությանը: Հեռուստատեսության ապագայի հանդեպ թվային մոտեցումը, որն ունի Հանրայինը, մեզ համար չափազանց գովելի է: Այս ամենին առաջին ձեռքից ծանոթանալը ինձ համար շատ կարևոր էր. դա կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես Եվրոպական հեռարձակողների միությունը կարող է աջակցել այս հեռուստաընկերությանը: Այս համատեքստում մեր երկու կրթական կառույցների վերաբերյալ համաձայնագիրը ևս նշանակալի է, քանի որ այն կօգնի լրագրողներին, պրոդյուսերներին, սցենարիստներին նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել»: