Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել նոր ստորաբաժանում

Առաջարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել նոր ստորաբաժանում
Հայաստան
12:08, 06 август 2021
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում:

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական կայքում։ 

«Նախատեսվում է գլխավոր շտաբի կազմում ունենալ հրամանատարությունների օղակ՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի, զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման պլանավորումը, պետական ռազմական համակարգի մարմինների հետ համագործակցությունը, կցագրված պահեստազորային ռեսուրսների կառավարման, աշխարհազորային ստորաբաժանումների պատրաստության և ներդաշնակման կազմակերպման հարցերի համակարգման գործընթացը»,- ասված է նախագծում։

Մինչ այս պաշտպանական գերատեսչությունը նույն կայքում հանրային քննարկման էր ներկայացրել պահեստազորի վարժական հավաքներին վերաբերող մեկ այլ նախագիծ։ Նախարարությունը նպատակ ունի հավաքներն իրականացնել 2021-ի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ներգրավելով ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական, իսկ 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: