Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր ձևավորված կառավարության առաջիկա անելիքներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր ձևավորված կառավարության առաջիկա անելիքներին
Հայաստան
16:19, 06 август 2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է նոր ձևավորված կառավարության
առաջիկա անելիքներին. «Այսօր նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է: Կառավարությունը, ըստ
էության, ձևավորված է: Չի նշանակված միայն արտաքին գործերի նախարարը: Ես ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս
հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում:

Առաջիկայում պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների
գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պիտի հենված լինի «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի
ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության
ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա:

Ուզում եմ այս սեգմենտի վրա մեր ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել, որովհետև նախընտրական
քարոզարշավը, սովորաբար և առավել ևս՝ այս նախընտրական քարոզարշավը, կենդանի գործընթաց է: Եվ այս
նախընտրական քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը, կարծում եմ այն է, որ իսկապես կենդանի
երկխոսություն ստացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Մենք կառավարության ծրագիրը
կազմելիս պետք է ոչ միայն ուսումնասիրենք կամ հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչև
նախընտրական քարոզարշավը, այլ նաև այն խոստումների վրա կամ այն ըմբռնման վրա, որ ձևավորվել է
քաղաքացիների հետ կենդանի շփման ընթացքում:

Այս առումով՝ մեզ կարևոր աշխատանք է սպասվում: Իհարկե, առաջիկայում պիտի կենտրոնանանք այդ խնդրի
լուծման վրա: Ե՛վ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ պայմաններում պիտի մի քանի քննարկումներ ունենանք, քանի որ մինչև
օգոստոսի 23-ը ժամանակ ունենք՝ այն ներկայացնելու Ազգային ժողով: Եվ առաջիկայում սա մեզ համար պիտի լինի
առաջնահերթություն»: