Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր եղել է ԵՏՄ նիստ, պայմանավորվածություններ կան, թե ինչ պետք է արվի, որպեսզի Լարսում հայկական ապրանքների մուտքը արագ վերաբացվի․ այս ընթացքում 40 տնտեսվարողի 48 մեքենա է վերադարձվել․ Վահան Քերոբյան

«Այսօր եղել է ԵՏՄ նիստ, բայց դեռևս չեմ կարող արդյունքները ճշտել, գիտեմ, որ պայմանավորվածություններ կան, թե ինչ գործողություններ պետք է արվեն, որպեսզի հայկական ապրանքների մուտքը հնարավորինս արագ վերաբացվի։ Այս պահին այսքանը»,- նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրին։   

Քերոբյանի խոսքով՝ իրենք օրինաչափ չեն համարում, որ ամբողջ տարվա ընթացքում 30 մեքենա է հետ վերադարձվել, իսկ 2 օրվա մեջ 48 մեքենա է վերադարձվում. «Բնականաբար, մեր աշխատանքի իմաստը կայանում է նրանում, որպեսզի հասկանանք իրական պատճառները, և թե ինչ պետք  է անենք, որ վերացնենք այդ պատճառները»։

Քերոբյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում 40 տնտեսվարողի 48 մեքենա է վերադարձվել Լարսից. «Հիմնականում բեռնված են եղել գյուղատնտեսական թարմ ապրանքներով, որոնք կարող են արագ փչանալ։ Հիմնականում այդ կատեգորիայի, որովհետև այն պատճառները, որոնք նշվում է «Ռոսսելխոզնադզորի» կողմից, կարող են վերաբերել միայն թարմ և արագ փչացող ապրանքներին»։

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է խնդրի մեջ, նախարարը պատասխանեց. «Եկեք ես այս հարցին չպատասխանեմ, քանի դեռ մենք վերջնական եզրակացությունը  չունենք»։

Դավիթ Լևոնյան

Մանրամասն՝ տեսանյութում