Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հայտարարության գլխավոր հասցեատերը անշուշտ նրա հետ ռեգիոնալ «համասեփականատեր» Ռուսաստանն է․ Հակոբ Բադալյան

Թուրքիայի հայտարարության գլխավոր հասցեատերը անշուշտ նրա հետ ռեգիոնալ «համասեփականատեր» Ռուսաստանն է․ Հակոբ Բադալյան
Հայաստան
11:27, 26 февраль 2021
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․ 

«ՄԻ փոքր էլ Թուրքիայի արձագանքի առումով: Ուղղակի ապշելու է մտածողությունը, թե Թուրքիան Հայաստանում որեւէ մեկի աջակցություն հայտնելու դեպքում ունենալու էր դա ուղիղ անելու կամ ասելու հիմարություն: 

Ըստ այդմ, «ռազմական հեղաշրջում» դատապարտելու միջոցով Փաշինյանին աջակցություն հայտնելու հայաստանյան որոշ մեկնաբանությունները մեղմ ասած կարող են գոյություն ունենալ միայն թուրքերի հիմարության կանխավարկածով: Ես չունեմ այդպիսի կանխավարկած: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի արրձագանքի առաջնային նպատակը անշուշտ Փաշինյանի դեմ ընդդիմության ձեռքին խաղաքարտ տալը չէ: Թուրքիայի համար դա փոքր խնդիր է եղել եւ առավել եւս փոքր է Կովկասում հաստատվելուց հետո: Թուրքիայի հայտարարության գլխավոր հասցեատերը անշուշտ նրա հետ ռեգիոնալ «համասեփականատեր» Ռուսաստանն է: 

Թուրքերը գիտեն, որ Հայաստանում չի կարող տեղի ունենալ այդ մասշտաբի քաղաքական արտառոց զարգացում առանց Ռուսաստանի իմացության: Եվ քանի որ նրանք այլեւս Ռուսաստանին պարտադրել են իրենց ներկայությունը Կովկասում, այժմ փորձում են ակնարկել, որ առանց իրենց Ռուսաստանը ռեգիոնում չպետք է անի որեւէ քայլ, որ հատվածում էլ լինի: Կանի Ռուսաստանը, թե չի անի, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց գործնականում այլեւս փաստ է, որ Ռուսաստանը անկարող է եղել զսպել Թուրքիայի մուտքը Կովկաս եւ Անկարան հիմա Մոսկվային պահանջներ է ներկայացնում ընդհուպ Հայաստանի ներքին հարցերի առնչությամբ»։