Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկուհի Հարությունյանի` իրար հակասող պատասխանները, խուսանավումները, ճնշումների մասին ուռճացված հայտարարություններն ու չընտրությունը

Հայկուհի Հարությունյանի` իրար հակասող պատասխանները, խուսանավումները, ճնշումների մասին ուռճացված հայտարարություններն ու չընտրությունը
Հայաստան
20:20, 07 декабрь 2023
Հայկուհի Հարությունյանը Ազգային ժողովի ամբիոնից հստակ քաղաքական ելույթ ունեցավ, չնայած այդ իսկ ելույթի սկզբում հորդորեց պատգամավորներին չքաղաքականացնել իրեն, իր ելույթը` նշելով, որ ինքը ապաքաղաքական, ապակուսակցական մարդ է ու զբաղեցրել է ապաքաղաքական կառույցի ղեկավարի պաշտոն։

Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով իր հանդեպ հնչած քննադատություններին և հարցերին ասաց, որ, օրինակ, իր հետ բնակվող անձանց հայտարարագրերը առկա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, ավելին՝ դրանք նաև վերլուծվել են։

Մինչդեռ նախորդ օրը ՔՊ խմբակցության պատգամավորների հարցին, թե ինչու Հայրությունյանի հետ համատեղ բնակվող անձինք տարիներ շարունակ հայտարարագիր չեն լրացրել և դա արել են միայն 2023-ին, երբ այդ մասին բարձրաձայնել են հետաքննող լրագրողներն ու ի՞նչ սկզբունքներից ելնելով են որոշում, թե որ դեպքերում վարույթներ հարուցել, Հայկուհի Հարությունյանը բացարձակապես չի անդրադառնում, չի հերքում այն, որ իր հետ բնակվող անձինք հայտարարագիր չեն լրացրել և պատասխանում է միայն հարցի երկրորդ մասին։

Ավելին՝ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե ինչու Հարությունյանի հետ բնակվող անձանց՝ հայտարարագիր չլրացնելու հետ կապված վարույթ չի հարուցվել, տիկին Հարությունյանը պատասխանում է․ «Համատեղ բնակվող անձանց հայտարարագրեր չներկայացնելու մասով երբևէ վարույթ չի հարուցվել։ Կոնկրետ Ձեր մատնանշված դեպքը, եթե ավելացնեմ նաև, ոչ միայն այդ նախադեպն է շարունակվել, այլև վաղեկության ժամկետներն են լրացած եղել»։

Այսինքն՝ ի պատասխան պատգամավորների հարցին, Հայկուհի Հարությունյանը ոչ միայն չի հերքում, որ իր հետ բնակվող անձինք հայտարարագիր չեն լրացրել, այլև հաստատում է և նշում, որ վարույթ չի նախաձեռնվել վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։

Հաջորդ խնդրահարույց թեման այն է, որ Հայկուհի Հարությունյանը դիմել է միջազգային գործընկերոջը, նշել, որ չեն ուզում աշխատել այդ միջազգային կազմակերպության հետ աշխատող փորձագետի հետ։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Հայկուհի Հարությունյանը դա բացատրեց այդ փորձագետի բարեվարքությամբ։ Բացի դա, իր խոսքում Հարությունյանը խոսեց նաև շահերի բախման մասին, որի առկայությունը բարեվարքության տեսանկյունից խնդրահարույց է։ Ապա՝ իր եզրափակիչ ելույթում փաստեր թվարկելով՝ ի պատասխան պատգամավորների պնդման, թե Հարությունյանի քույրը ևս որպես փորձագետ աշխատել է այնպիսի կազմակերպության հետ, որի հետ համագործակցել է ԿԿՀ-ն, և տիկին Հարույթունյանը այդ դեպքով որևէ շահերի բախում չի նկատել ասաց, որ իր քույրը երբեք կապ չի ունեցել ԿԿՀ-ի հետ, չի ֆինանսավորվել ԿԿՀ-ից․

«Խնդրում և պահանջում եմ սա երրորդ անձի անունից՝ իմ քրոջ վերաբերյալ ձեր հայտարարություններում ևս զգույշ եղեք։ Իմ քույրը երբևէ Հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որևէ գործարքի և գործողության մասնակից չի եղել, սրանում կասկածողներն էլ հնարավորություն ունեն կոնկրետ կազմակերպություններից տվյալներ ճշտելու»։
 
Հարցը սակայն այն է, որ Հարությունյանի քույրը ոչ թե ֆինանսավորվել է ԿԿՀ-ից, այլ որպես փորձագետ է հանդես եկել մի կազմակերպությունում, որի հետ համագործակցել է ԿԿՀ-ն ու Հարությունյանն այս դեպքում շահերի որևէ բախում չի նկատել։
 
Ինչո՞ւ է պաշտոնյաների բարեվարքության թերթիկներում ներառվում լրատվական այնպիսի հրապարակումներ, որոնք ոչ թե փաստեր են պարունակում կամ գոնե վերլուծություններ, այլ ուղղակի պիտակավորումներ են ու բացահայտ ֆեյքնյուզեր են։ Բարեվարքության այդ թերթիկը նրա համար է, որ որոշում կայացնող պաշտոնյաները ծանոթանան ընտրվող պաշտոնյայի մասին հրապարակումներին, հասկանան, թե ում են կողմ կամ դեմ պատրաստվում քվեարկել։ Ի՞նչ հավելյալ արժեք է տալու որոշում կայացնող, ընտրող պաշտոնյային՝ ընտրվողի վերաբերյալ դեղին մամուլից արված մեջբերումները՝ համեմված «սորոսական» և այլ տիպի գնահատականներով ու բազմապիսի պիտակներով, նաև՝ կեղծ լուրերով։ 

Իսկ, օրինակ, տիկին Հարությունյանի մասին հետաքննող լրագրողների բացահայտումները, որոնք ի տարբերություն դեղի մամուլի հրապարակումների՝ փաստարկված են, տեղ չեն գտել Հարությունյանի բարեվարքության հուշաթերթիկում։  
Իսկ թե ինչու է մյուսների մասին ֆեյքնյուզը հայտնվում՝ պետք է պարզ դառնար տիկին Հարությունյանի եզրափակիչ ելույթում, որտեղ նա անդրադառնալով Արսեն Թորոսյանին, առաջարկեց շահերի բախման մասին խոսելիս, կարդալ և բոլորի համար պատասխանել հետևյալ հարցին․ «Թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը որպես Առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչև 350 մլնից ավելի արժեքով»։
 
Եվ ահա պարզ է, թե ինչու են դեղին մամուլի հրապարակումները հայտնվում ԿԿՀ-ի կողմից ներկայացվող բարեվարքության մասին հուշաթերթիկում․ տիկին Հարույթունյանը այդօրինակ մամուլի սպառող է։
 
Այս հարցը բազմիցս քննարկվել է, այս հարցին բազմիցս պատասխան է հնչել, իսկ տիկին Հարությունյանը որոշել է այդ հարցն այս անգամ էլ ԱԺ ամբիոնից բարձրացնել։ 
 
Ի դեպ, Արսեն Թորոսյանը նշեց, որ հայցով դիմելու է դատարան ընդդեմ Հայկուհի Հարությունյանի։
 
Եվ վերջապես ի՞նչ ճնշումների մասին է խոսքը։ Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ իր՝ աշխատանքի անցնելու սկզբում իրեն մեկ անգամ զանգել են, խնդրել ինչ-որ պաշտոնյայի վերաբերյալ բարեվարքության դրական եզրակացություն տալ, որից հետո նա դիմել է գործադիր մարմնին՝ վարչապետի աշխատակազմին ու դրանից հետո որևէ նման դեպք չի կրկնվել։ Ահա սա տիկին Հարությունյանը աշխարհացունց կերպով ճնշում ներկայացրեց, իսկ վերջում պարզվեց, որ այդ զանգողը ԱԱԾ պաշտոնյա է եղել, որը, կրկնենք, առաջին և վերջին այդպիսի «ճնշումն է» եղել կառույցի և Հարությունյանի գործունեության 4 տարիների ընթացքում։
 
Ի վերջո, չնայած կառավարող մեծամասնության վրա քաղհասարակության կողմից գործադրվող վերբալ ճնշումներին «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց ընտրությանը, դրան չմասնակցեցին նաև ընդդիմադիր երկու խմբակցությունները և Հայկուհի Հարությունյանը չընտրվեց ԿԿՀ անդամ։  
 
Վովա Հակոբյան