Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն դեպքում, երբ երեխան կարող է դառնալ քաղաքացիություն չունեցող անձ, նրան ՀՀ քաղաքացիությունը կփոխանցվի օրենքի ուժով․ փոփոխություններ են առաջարկում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում

Այն դեպքում, երբ երեխան կարող է դառնալ քաղաքացիություն չունեցող անձ, նրան ՀՀ քաղաքացիությունը կփոխանցվի օրենքի ուժով․ փոփոխություններ են առաջարկում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
Հայաստան
22:22, 07 декабрь 2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել լիազորող նորմ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգի եւ կարգավիճակի որոշման ընթացակարգի համար. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները:

Զեկուցողի խոսքով նաեւ առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու լիազորության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը. սա առնչվում է ՀՀ-ում դեռեւս բնակվող ազգությամբ այն հայերին, որոնք նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ են եւ չունեն որեւէ երկրի քաղաքացիություն:

Նախաձեռնությամբ հստակեցվում է երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները: «Այն դեպքում, երբ երեխան կարող է դառնալ քաղաքացիություն չունեցող անձ, նրան ՀՀ քաղաքացիությունը կփոխանցվի օրենքի ուժով»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը:

Փոփոխություններ են նախատեսվում նաեւ ՀՀ քաղաքացիության  դադարեցումից հետո անօրինական միգրացիայի կանխարգելմանը եւ անչափահասի քաղաքացիության դադարեցմանն առնչվող դրույթներում:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Հարցը քննարկվել է դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում: