Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդի համայնքի աշխատակազմի՝ երեկ հրաժարական տված քարտուղարի ուշագրավ ցուցմունքներն ու սաբոտաժը. նա գլուխ է գովում, որ համայնքային կառավարչական հիմնարկի շենքը գրանցված է իր անունով

Ալավերդի համայնքի աշխատակազմի՝ երեկ հրաժարական տված քարտուղարի ուշագրավ ցուցմունքներն ու սաբոտաժը. նա գլուխ է գովում, որ համայնքային կառավարչական հիմնարկի շենքը գրանցված է իր անունով
Հայաստան
20:20, 08 декабрь 2023
Ալավերդի համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Ղումաշյանի՝ որպես համայնքի ղեկավար պաշտոնը ստանձնելուց և համայնքի բնակիչներին երդում տալուց հետո, ըստ ընթացակարգի, պետք է հնչեր ՀՀ պետական օրհներգը։ Համայնքի աշխատակազմը, նկատենք, չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը, ինչը օրենքի պահանջ է։  Բացի դրանից, պետական օրհներգը հնչելու ժամանակ տեղի ունեցավ տեխնիկական խոտան.  համապատասխան սարքը, որի միջոցով պետք է հնչեր այն, գործի դնել չէր հաջողվում։ Նիստին ներկա համայնքապետարանի աշխատակցուհին, սակայն, մի քանի րոպե ուշացումով կարողացավ միացնել սարքը, և պետական օրհներգը վերջապես հնչեց։  

Ավագանու անկախ անդամ, նիստը վարող Սիմոն Զախարովը այդ ընթացքում հայտարարեց, որ նիստի հետ կապված կազմակերպչական հարցերը պետք է հոգար համայնքի աշխատակազմի քարտուղարը, որը, սակայն, նիստին ներկա չէր։  Հարություն Գալստյանից փորձեցինք   պարզաբանում ստանալ, թե ինչու չէր ներկայացել նիստին և հոգացել  նիստի հեռարձակման  հետ կապած խնդիրները, սակայն ապարդյուն։  

Պարզեցինք, որ նա նախօրեին ուշ երեկոյան զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է գրել ու այդ մասին համայնքի բնակիչներին որոշել է  իրազեկել ֆեյսբուքյան իր էջի միջոցով։ «Հավատարիմ մնալով սկզբունքներիս՝ այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։ Որոշումս պարտության ընդունում չէ, այլ մի նոր սկիզբ է պայքարի, 05/12/2023 թվականին տեղի ունեցած զինված ոստիկանական հեղաշրջման դեմ, որը տեղի ունեցավ Ալավերդի համայնքի բնակչության աչքի առջև։ ...Մեր կողքին կանգնած է Ալավերդի համայնքի բնակչության մեծամասնությունը, վաղ թե ուշ կհաստատվի արդարությունը»,- մասնավորապես գրել է Գալստյանը, որը, փաստորեն, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածի դեմ իր բողոքը հայտնելու համար որոշել է միայն դեկտեմբերի 7-ին՝ Դավիթ Ղումաշյանի երդմնակալության նախօրեին, հայտնել՝ ազատման դիմում գրելով և այդ մասին հայտնելով ժամը 22։15-ին։

Հարություն Գալստյանը, նկատենք, այն ընթացքում, երբ տեղի էր ունենում Ղումաշյանի երդմնակալությունը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր երբեմնի «շեֆի»՝ Արկադի Թամազյանի՝ համայնքի ղեկավար  ընտրվելու կադրերը՝ կից գրելով. «Այ այսպես ենք մենք ընտրվել...»։ Տեսագրությունից դատելով՝ մեկ մանդատի տարբերությամբ Ալավերդու կառավարումը «վերցնելը» տոնախմբություն է եղել «Ապրելու երկիր»-ականների համար, Թամազյանի ընտրվելուց հետո էլ, ինչպես ասվում է՝ «մե ծափ, մե խինդ ու ուրախություն», «Թա-մազ-յան» վանկարկումներ և այլն։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստին աշխատակազմի քարտուղարը նույնպես բացակայում էր, նիստի հեռարձակումը նույնպես ապահովված չէր համայնքապետարանի կայքի միջոցով։ Այդ օրվա նիստի վերաբերյալ համայնքապետարանի կայքում զետեղված արձանագրությունները   կազմել և ստորագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը։ Նախորդիվ տեղի ունեցած ավագանու բոլոր նիստերի արձանագրությունները, նկատենք, կազմել և ստորագրել է աշխատակազմի արդեն նախկին քարտուղար Գալստյանը։

ՏԻՄ օրենքով, նկատենք, սահմանված են աշխատակազմի քարտուղարի պարտականությունները, որոնց մեջ է մտնում աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարելը, մասնավորապես՝   համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումն ապահովելը։ Նկատենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստի ժամանակ նույնպես Հարություն Գալստյանը, որը տեղեկացված էր ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, նախ՝ վաղ առավոտյան (07.42-ին) իր ֆեյսբուքում գրել էր. «Ալավերդի է բերվել ամբողջ ոստիկանական զորքը...»։ Ապա նույն օրը 21.50-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մի տեսագրություն, որտեղ  համայնքապետարանի բակում գտնվող Գալստյանը (կադրում երևում է, թե ինչպես է  ոստիկաններից մեկը իր առջև դրված ցուցակն ուսումնասիրում, գրիչով լրացումներ անում, որպեսզի թույլ չտա կողմնակի անձանց մուտքը. այդ օրը քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում համայնքապետարանի շենքի դիմաց, և լարված իրավիճակ էր) մեկնաբանում է տեղի ունեցողը՝  խոստովանելով, որ իր մուտքը համյանքապետարանի շենք չի խոչընդոտվել։  

«Խնդրեմ, արձանագրեք սա, միանշանակ անօրինական գործողություն է սա, այսինքն, ոստիկանությունը փակել ա համայնքապետարանի շենքի դիմացը, մուտքը։ Էս շենքը հասարակական նշանակության շենք ա, ամեն վայրկյան հազար հոգի կարա մտնի ու դուրս գա։ Սա միանշանակ սահմանադրական կարգի խախտում ա, մարդկանց ազատության խախտում ա։ Որևէ մեկը իրավունք չունի չթողնի՝ մարդը մտնի իրա համյանքապետարանի շենք։ Հիմա ոստիկանությունը ցուցակ ա ուզել մեզնից, որ աշխատակազմի աշխատողներին թողնի ներս»։  

Պետական կառավարչական  կառույցը հասարակական շենքի հետ շփոթած, հասարակական կարգի պահպանության մասին անտեղյակ Գալստյանն այնուհետ  հավելում է. «Ինձ չեն էլ խոչընդոտել, հարցրել են, իհարկե, ով եմ, բայց նույնը չի արվել մյուս էն մարդկանց վերաբերյալ, ովքեր որ ժամը 6-ից մտել են շենք ու որոշակի գործողություններ են արել»։  Թե հատկապես ի՞նչ գործողություններ՝ «աշխատակազմի ղեկավար» ներկայացող Գալստյանը, որն, ի դեպ, հատուկ շեշտում է՝ «էս շենքը պետռեգիստրում իմ անունով ա գրանցած»,  չի մանրամասնում։ Թե հատկապես ինչ կոնսպիրատիվ գործողությունների մասին է նա ակնարկում թերևս պետք է պարզեն իրավապահները։  Եթե այդ գործողություններ ասվածի տակ սույն նախկին պաշտոնյան նկատի ունի խորհրդակցությունների սենյակի կողպված դուռը բացելը, ապա դա արել են ոչ թե նիստ հրավիրած ավագանու անդամները, այլ՝ իրավապահները, լրագրողների տեսախցիկների առաջ։ Դուռը բացելու համապատասխան կադրերը, ի դեպ, Գալստյանը նույնպես հրապարակել է իր էջում։  

Նկատենք, որ «Ապրելու երկիր»-ական համայնքապետն ու ավագանու անդամները, փորձելով խեղաթյուրել իրականությունը, պնդում էին, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել ներկա գտնվել   ավագանու նիստին։ Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նույնպես հավաստիացրել է, որ «ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներին հնարավորություն է տրվել, որ իրենք գան, այդ օրվա նիստին մասնակցեն։ Տեսագրությունները կան, փաստերը դա են վկայում։ Նիստը սկսվելուն պես ավագանու բոլոր անդամներին՝ դիմադիր, թե ընդդիմադիր, համայնքապետին հնարավորություն է տրվել, որպեսզի գան ու մասնակցեն։ Կրկնում եմ՝ փաստերը կան, եկեք չմանիպուլացնենք»։

Հ.Գ. Նշենք, որ օրերս մեզ հետ զրույցում ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը նշել էր, որ Արկադի Թամազյանը պաշտոնի նշանակելիս նախ ճշտում է ոչ թե  նշանակվողի պրոֆեսիոնալ որակները, այլ՝  քաղաքական հայացքները, մասնավորապես՝ տվյալ անձը իր կողմնակի՞ցն է, իրեն ընտրե՞լ է, իր հետ քայլե՞լ է, թե՞ ոչ։ Իր պաշտոնի անունը սխալ արտաբերող  Հարություն Գալստյանը մեծ հավանականությամբ Թամազյանի  յուրայիններից է։  Նա, ի դեպ, խախտելով հանրային ծառայողի էթիկան, նոյեմբերի 30-ին, երբ հայտնի դարձավ Թամազյանին անվստահություն հայտնելու  և դրան՝ Զախարովի միանալու մասին,  իր ֆեյսբուքյան էջում միացել էր վերջինիս  անպատվելու արշավին, նրան անվանել «Վասակ Սյունի» և նշել՝ դավադրությունը կանխվելու է»։    

Հ. Մանուկյան