Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայրենիքի փրկության շարժումը» կրկին մերժում է արտահերթ ընտրության շուրջ կոնսուլտացիաների՝ Փաշինյանի առաջարկը

«Հայրենիքի փրկության շարժումը» կրկին մերժում է արտահերթ ընտրության շուրջ կոնսուլտացիաների՝ Փաշինյանի առաջարկը
Հայաստան
13:12, 26 февраль 2021
Երեկ կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ քաղաքական տարբեր ուժերի հետ պատրաստ է սկսել քաղաքական կոնսուլտացիաներ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։ 

Civic.am-ը քաղաքական ուժերից հետաքրքվեց, թե այս անգամ պատրա՞ստ են ընդունել Նիկոլ Փաշինյանի հրավերը, և կմասնակցե՞ն նրա նախաձեռնած արտահերթ ընտրություններին։ 

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Փաշինյանի երեկվա առաջարկից հետո հայտարարեց, որ Փաշինյանի հետ միայն մեկ հարց ունեն քննարկելու՝ ոնց է ինքը հեռանալու իշխանությունից․ «Իսկ իշխանության հարցը որոշվելու է ԱԺ-ում»։ 

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր ՀՓՇ ցուցարարների կողմից  փակված Բաղրամյան պողոտայում հայտարարել է, թե Փաշինյանի հետ երկխոսության բոլոր ժամկետները սպառվել են։ «Հիմա կա խոսելու մեկ օրակարգ․ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը»։ 

«Քաղաքացու որոշում» կուսակցության  ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի պատկերացնում, թե նախորդ անգամվա հանդիպումից հետո ի՞նչ է փոխվել և ի՞նչ նոր բան պետք է քննարկել։ Մեր հարցին, թե իրենք պատրա՞ստ են մասնակցել արտահերթ ընտրություններին, Սահակյանն ասաց՝ ավելի քան պատրաստ են։ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե կմասնակցե՞ն ընտրություններին, եթե այն կազմակերպի գործող վարչապետը։ ՔՈ ներկայացուցիչն ասաց, որ դրա հետ կապված իրենք խնդիր տեսնում են, սակայն «շատ փոքր»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ևս պատրաստ են արտահերթ ընտրություններին, սակայն իրենց օրակարգում վարչապետի հրաժարականը դեռ մնում է։ Աննա Կոստանյանը նշեց նաև, որ իրենք կքննարկեն արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը, եթե այն անցկացվի Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։ 
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման որոշումները ընդունվում են խորհրդի նիստում։ Եթե նման հրավեր ստանան, պետք է դա քննարկեն խորհրդի նիստում և որոշում կայացնեն։ Այժմ այդպիսի որոշում չունեն։ Սոս Հակոբյանն ավելացրեց, որ դեռ դիրքորոշման փոփոխություններ չունեն։ Արթուր Վանեցյանն այսօր Բաղրամյանում լրագրողներին ասել է՝ թե իրենց հրավեր չի եղել, սակայն իրենք պատրաստ են քննարկել միայն Փաշինյանի հեռացումը։ 

ԲՀԿ-ից որևէ մեկի հետ մեզ կապվել չհաջողվեց, իսկ ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը չպատասխանեց մեր զանգերին։

Վովա Հակոբյան