Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է. Կառավարության ծրագիրն ունի 6 բաժին. ՀՀ վարչապետ.տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության հերթական նիստում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագիրը: 

Ինչպես նշեց վարչապետը, ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից՝  անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ծրագիրը ներառող քաղաքական ուղերձը ընդգրկված է ծրագրի նախաբանի մեջ: Նա ընթերցեց կառավարության ծրագրի նախաբանը՝ մասնավորապես նշելով, որ 2020թ. նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց. «Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանը սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված... Ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է»:

Ինչպես նշեց վարչապետ Փաշինյանը, Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելը ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է. «Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից ու ցանկությունից: ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»: