Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մայր Աթոռի անունից աշխատակիցներին սպառնացած Արմեն Չարչյանին ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մայր Աթոռի անունից աշխատակիցներին սպառնացած Արմեն Չարչյանին ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի քննությունը
Հայաստան
17:37, 18 август 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր կայացել է  «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Չարչյանը ժողով էր հրավիրել՝ պատվիրելով բոլոր աշխատակիցներին՝ գնալ ընտրության, սակայն որևէ դեպքում չընտրել գործող իշխանությանը, քանի որ, ըստ Չարչյանի, Մայր աթոռը դեմ է Փաշինյանի իշխանությանը։ 

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավոր Վահե Միսակյանն ազատ էր կալանքից արձակել Չարչյանին՝ 15 մլն գրավի դիմաց։

Մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը։

Մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և չի բխում Քրեական դատավարության օրենսգրքից, ինչը, ըստ դատախազի, պետք է արձանագրվի նաև Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ինչի հետևանքը կլինի առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը։ 

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, նշեց, որ քրեական գործում առկա է տեսաձայնագրություն և ձայնագրություն և մեղադրանքի կողմի պնդմամբ՝ վկաների ցուցմունքները որևէ էական նշանակություն չունեն, հետևաբար՝ ինչքանո՞վ է իրատեսական նպատակային այս կամ այն վկայի վրա ազդեցություն գործադրել, եթե ամբողջ խոսակցությունն արտացոլված է և Չարչյանի բոլոր խոսքերը լսվում են։

Ալեքսանյանը հայտարարեց, թե պատգամավորը չի կարող ազատազրկվել՝ առանց ԱԺ համաձայնության։ 

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև օգոստոսի 20-ը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։