Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը պետք է Ադրբեջանին առաջարկի դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանը պետք է Ադրբեջանին առաջարկի դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Վահրամ Աթանեսյան
Հայաստան
18:46, 18 август 2021
«Մինչև 2025թ., կարծում եմ, Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվի։ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ Հայաստանին և Ադրբեջանին փաստացի առաջարկեցին ձևավորել նոր օրակարգ՝ քննարկելու մնացած հարցերը: Տպավորություն է, թե նրանք համարում են, որ պատերազմը զրոյացրել է իրենց նախկին առաջարկությունները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ 

Վահրամ Աթանեսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ ինքն առաջարկել է Հայաստանին կնքել խաղաղության պայմանագիր, սակայն Հայաստանը չի արձագանքել, նշեց. «Թշնամական կողմի առաջնորդը հայտարարում է, որ ինքը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր, և Հայաստանն առայսօր չի պատասխանել։ Ինչո՞ւ չի պատասխանում՝ համաձա՞յն են խաղաղության պայմանագրին, թե՞ ոչ»։ Արցախի ԱԺ նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ պետք չէ Արցախի հարցը կապել Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ, այլ Արցախի խնդրի լուծումը պետք է թողնել 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։  

«Կառավարությունը կաշկանդված է խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի պահվածքով, որովհետև նրանք խնդիր են դնում, որ Ադրբեջանի հետ հարցերը պետք է կարգավորվեն փաթեթով՝ ներառյալ Արցախի կարգավիճակի հարցը։ Այսինքն՝ Ադրբեջանը Արցախը պետք է ճանաչի անկախ, որպեսզի, օրինակ, Խոզնավարով անցնող հայ-ադրբեջանական սահմանը ճշտվի։ Սա տրամաբանություն չէ, այլ հերթական արկածախնդրություն է»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցն ու հավելեց. «Հայաստանը պետք է Ադրբեջանին հետևյալ առաջարկն անի, որ երկու երկրները դիվանագիտական նոտաներ են փոխանակում միմյանց ճանաչելու մասին։ Հիմա ոչ Հայաստանն է Ադրբեջանը ճանաչում որպես պետություն, ոչ էլ Ադրբեջանն է ճանաչում Հայաստանը որպես պետություն։ Պետք է տեղի ունենա փոխադարձ ճանաչում, բայց առանց սահմանների հստակեցման»։ 

Արցախի ԱԺ նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ երբ երկու երկրները միմյանց փոխադարձ ճանաչման նոտաներ հղեն և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, այդ ժամանակ նոր պետք է ստեղծել հանձնաժողով՝ սահմանազատման ու սահմանագծման. «Պարտադիր չէ Հայաստանը Բաքվում դեսպանատուն ունենա, Ադրբեջանը՝ Երևանում։ Կարող են հարաբերությունները իրականացնել երրորդ երկրի միջնորդությամբ, ինչպես այսօր Վրաստանն ու Ռուսաստանն են միմյանց հետ խոսում Շվեյցարիայի միջնորդությամբ։ Հետո պետք է ձևավորվի սահմանագծման և սահմանազատման միջկառավարական հանձնաժողով։ Եվ այդ հանձնաժողովը պետք է լինի Հայաստանից ու Ադրբեջանից»։ 

Վահրամ Աթանեսյանն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը հնարավոր է 10 տարի աշխատի, և օրինակ բերեց վրաց-ադրբեջանական սահմանը. «30 տարի է՝ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն, նաև առևտրատնտեսական լուրջ հարաբերությունների մեջ են, միմյանց ճանաչում են որպես պետություններ, բայց վրաց-ադրբեջանական ամբողջ սահմանը դեռևս դելիմիտացված ու դեմարկացված չէ։ Ադրբեջանին այս պատասխանը պետք է տրվի։ Եվ ամբողջ ժամանակահատվածում պետք է ուժի մեջ լինի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով պատերազմը դադարել է»։

Նարա Մարտիրոսյան